Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուսանելով գրաբար՝ մարդը կարող է ճիշտ հայերենով խոսել. Հայր Գարեգին Համբարձումյան

Հուլիս 24,2013 13:33

Այսօր՝ երեկոյան ժամը յոթին կլինի www.grabar.am  կայքի պաշտոնական բացումը: Այս մասին այսօր «Արմատ» մամուլի ակումբում հայտնեցին «Ծիրանի» ՀԿ նախագահ Նարեկ Աշուղաթոյանը եւ «Ծիրանի» ՀԿ խորհրդի նախագահ,Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան  Հայր Գարեգին Համբարձումյանը:

«Գրաբարի քարոզչությունը ուղենշան եղավ մեզ համար, եւ այն կարեւոր է մի քանի առումներով. ուսանելով գրաբար՝ մարդը կարող է ճիշտ հայերենով խոսել, օրինակ` այնպիսի տարրական բառեր, որոնցից է՝ ի օգուտ- հօգուտ, եւ այլն»,- ասաց Հայր Գարեգին Համբարձումյանը:

Բացի կայքի բացումը, որի ստեղծման համար տրամադրվել է շուրջ մեկ տարի, «Ծիրանի» ՀԿ-ն արդեն երեք տարի է, ինչ իրականացնում է անվճար գրաբարյան դասընթացներ:

Ինչպես փաստեցին բանախոսները, գրաբարի տարածման նպատակն է այն հասանելի դարձնել յուրաքանչյուր մարդու՝ անկախ տարիքից եւ մասնագիտական հետաքրքրությունից: «Նպատակներից մեկն էլ այն է, որ գրաբարը չդասվի մեռյալ լեզուների շարքին: Այժմ միակ կառույցը եկեղեցին է, որը պահում է գրաբարի կիրառումը, սակայն շատերը բողոքում են, որ չեն հասկանում ծեսերն ու պատարագները, եւ այժմ մեր դասընթացների միջոցով, կարճ ժամանակահատվածում մի քանի բան սովորելով կարող են ընկալել այն»,- նշեց «Ծիրանի» ՀԿ խորհրդի նախագահը:

«Շատ կարեւոր է իմանալ, թե որտեղից է գալիս մեր օգտագործած բառերի ծագումնաբանությունը, բառեր, որոնք օտար են թվում, սակայն մերն են, օրինակ՝ զանգիտենալ-վախենալ եւ նմանատիպ այլ բառեր»,- իր հերթին ասաց Հայր Գարեգին Համբարձումյանը:

Բանախոսները հայտնեցին նաեւ, որ գրաբարի ուսուցումն իրենց միակ ծրագիրը չէ: «Նկարահանել ենք վավերագրական ֆիլմ, մոտավորապես տասնութ րոպե, որտեղ ներկայացվել է գրաբարի կարեւորությունը, նրա ակունքները, եւ որքանով էին մարդիկ այն օգտագործում հնում»,- նշեց «Ծիրանի» ՀԿ նախագահը:

Կայքի ստեղծման եւ ֆիլմի պատրաստման գաղափարը ծնվել է, երբ նկատել են, որ աճում է հետաքրքրությունը հանրության մեջ դեպի գրաբարը: Ինչպես հայտնում են, արդեն երկու հարյուր ուսանող անվճար սովորել է գրաբար, իսկ ինչ վերաբերում է գրաբարի առցանց ուսուցմանը, ապա այն ինքնին յուրահատուկ է, քանի որ լինելու են ասույթներ,  տեսահոլովակներ, որով էլ իրականացվելու է դասընթացը, այնուհետեւ յուրաքանչյուր դասի վերջում լինելու է շարական՝ կարաոկե տարբերակով: Բացի այս աշխատում են նաեւ անգլերեն տարբերակի վրա, որպեսզի այն հասանելի լինի նաեւ Սփյուռքում:

«Օնլայն դասընթացներն ավելի դասական ոճով են, պարզ եւ հասկանալի, յուրաքանչյուրը տեւելու է 11-15 րոպե, ինչպես նաեւ անընդհատ թարմացվելու է»,- վերջում հայտնեց Հայր Գարեգին Համբարձումյանը:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. karine says:

    Անչափ ուրախ եմ նախաձեռնության համար: Մեզ համար մեծ նվաճում է Հայոց լեզվի պահպանման նման տարբերակ մշակելը: Իմ անհատական տեսակետն է՝ գրաբարը նաեվ դպրոց մտցնելը: Կարծում եմ, սա առավել կամրապնդի մեր լեզվի պահպանումը, եվ կնպաստի մեր ազգի ճիշտ լեզվամտածողությանը, մի բան, որ ներկայումս խաթարված է : Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր լծվել են այս սրբազան եվ ազգանվեր գործին:

  2. karine says:

    Անձամբ ես, գերադասում եմ գրել եվ կարդալ մեր հին հայերենով՝ գրաբարով, որովնետեվ, միայն այդ ժամանակ եմ ես ինձ գտնում առողջ մտածելակերպի մեջ: Գրաբարին հաղորդակից լինելուց հետո միայն հասկացա, որ գոյություն ունի ազգային լեզվամտածողություն, եվ որ անհատի լեզվամտածողությունից է կախված նրա կյանքի ճիշտ ընթացքը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031