«Աննախադեպ քաղաքացիական գործնականություն է դրսևորվում փոխադրամիջոցների սակագնի փոփոխման հետ կապված, ես դա դրական երևույթ եմ համարում: Սա քաղաքացիների ինքնորոշման դրսևորում է»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա՝ տրանսպորտի գնի թանկացումը «գազի գնի թանկացման և մեր իշխանությունների համարժեք պատասխան տալու անկարողության հետևանք է»:
Պարոն Հայրիկյանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված հավանական զարգացումների այն վարկածն է առաջ քաշում, թե իշխանությունները նախապես բարձրացնում են ուղեվարձը 150 դրամ, որ հետո ասեն, թե մենք մեր ժողովրդին շատ ենք սիրում ու դարձնեն 120:
Պ. Հայրիկյանը կարծում է, որ ունենք «ծախու արարածների հավաքածու, որին ժողովրդի շահերը չեն հետաքրքրում»: Նա նշեց. « Եթե ծախված հարճեր եք, ապա ռուսը ձեզ հետ արժանապատիվ չի վարվի»: Պ. Հայրիկյանն ասաց, թե ինքը պայքարում է այս երևույթների դեմ, դրա համար էլ արժանանում է ռուսական իմպերիալիզմի հարվածներին:
Կարդացեք նաև
Նա մանրամասնեց. «Դրա համար էլ արժանացա ռուսական իմպերիալիզմի հարվածին, դա կլինի Ռոբերտ Քոչարյանի միջոցով՝ գույք պարտքի դիմաց, կամ գազի հերթական թանկացման միջոցով, «Հայրենակից» ծրագրով»:
Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը պարոն Հայրիկյանն այսպես է նկարագրում. «Գործակալական ցանցի տերերին հաճոյանալու խնդիր է, իսկ ըստ դրա՝ Հայաստանը չպետք է ունենա երեք միլիոնից ավելի բնակչություն, ռուսական հարճի կարգավիճակից դուրս չգա»:
Aravot.am-ի հարցին՝ ստեղծված իրավիճակի մեղավորն ո՞վ է, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Մենք բոլորս մեր ունեցած իշխանությամբ ենք մեղավոր»:
ԱԱԾ-ի կողմից Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հայտարարության առիթով էլ Պ. Հայրիկյանն ասաց. «Ես չեմ ուզում շտապել, եթե գործը դատարանում է, գործի տերը դատարանն է: ԱԱԾ-ն, դատախազությունը իշխանություն չէ, բայց դատարանը իշխանություն է»:
ԵՄ-Եվրասիական միություն երկընտրանքի մասին պարոն Հայրիկյանն ունի այս դիրքորոշումը. «Մենք այլընտրանք չունենք. որևէ ողջախոհ մարդ չի կարող ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու առումով: Եթե ձեզ բերեն գառնուկներ ու կատաղած արջ՝ ո՞րը լավ կլինի: Եվրոպական արժեհամակարգը որդեգրված է մեր կողմից, իսկ եվրոպական միությունն այդ արժեհամակարգի կրողն է: Եթե ՌԴ-ն դրա դեմ է խոսում, դա ահազանգ է բոլոր ողջախոհ մարդկանց համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ