Այսօր «Տեսակետ» ակումբում Հայաստանի եւ ԼՂՀ-ի «Հույների Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլաթովը , «Մեդիա Շանգալ Եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը եւ ասորական համայնքի խորհրդի անդամ, դերասան Ռազմիկ Խոսրոեւն անդրադարձան Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի՝ Հրաչյա Հարությունյանի հանդեպ ունեցած վերաբերմունքին եւ նրա ապագա ճակատագրի մտահոգություններին:
Պոլաթովի խոսքով՝ մինչ այսօր մենք ամբողջական ինֆորմացիա չունենք այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Բացի այդ` «Այդ տղամարդն ի վերջո մերկ չի եղել ավտոմեքենայի ղեկին, մեղավորները համակարգի աշխատողներն են, որ նրան այդ տեսքով էին բերել, եւ ի վերջո մենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն ունենք, Հայերի միություն: Ինչո՞վ էր զբաղված դեսպանատունը»,- հարցնում է Պոլաթովը ու ասում, որ ինքը չի մեղադրում Հրաչյա Հարությունյանին, քանի որ ինքը փորձել է ինչ որ բան անել, իր կյանքի գնով, կանխելու համար տեղի ունեցածը:
Խոսրոեւն ասաց. «Ինձ ուրախացրեց այն փաստը, որ հանրությունը կարողացավ ձայն բարձրացնել, առաջին անգամ հայը Ռուսաստանում զգաց, որ իր մեջքին պետություն է կանգնած: Սա մի շարժում է, որը կարծես թե նորովի է: Հայաստանում երեւի թե հասել ենք այն բանի, որ մարդուց ավելի կարեւոր բան չկա: Այն, որ դատախազների ու պաշտպանների մի խումբ է հավաքվել, որ ՄԻՊ-ը գնում է Ռուսաստան, պաշտպանելու Հրաչյային` լավ է: Ինչ վերաբերում է ռուս լրագրողին, ու նաեւ նրանց, ովքեր հայ բառը արհամարհանքով էին արտահայտում, ապա դա ազգամիջյան կոնֆլիկտի արտահայտություն էր: Ինձ ուրախացնում է այն, որ Հայաստանում կան ուժեր, երիտասարդներ, որոնք կարողանում են գնահատել իրենց ազգի արժանապատվությունը, մոտ չորս տարի առաջ դա չկար»:
Շառոյանն էլ հավելեց, որ նախ ցավակցում է ավտովթարի հետեւանքով զոհվածների հարազատներին ու ասաց, որ վթարն ավելի շուտ անփութություն է, անզգուշություն ու ոչ մեկ իրավունք չունի մեղադրել վարորդին, քանի որ կա ավտոտեխնիկական զննություն, որի միջոցով պետք է պարզել մարդու մեղավորությունը. «Խախտվել է այս մարդու անմեղության կանխավարկածը, քանի որ մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը՝ ոչ մեկի իրավունք չունեն ասել` հանցագործ ես: Ինչ վերաբերվում է խալաթին, կամ նրան, որ շեշտվում էր Հրաչյայի հայ լինելը` նման բաներ մեր մեջ էլ կան, անընդհատ շեշտվում է, որ եզդի ենք…Այստեղ մեղավոր են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, իսկ դատավորը կարող էր թույլ չտալ, որ նա այդ տեսքով նստի դատական նիստի, նա կարող էր ասել՝ նիստ չեմ անի, մինչեւ նրան նորմալ շոր չհագցնեք: Ես խնդրում եմ այնպես անել, որ հետագայում էլ այս վարորդը գտնվի ուշադրության կենտրոնում, որպեսզի նրա վճիռն արդար լինի: Ճիշտ կլինի, որ հասարակությունը ստեղծի մի ֆոնդ, հաշվեհամար բացի, այդ զոհերի ընտանիքներին, նաեւ Հրաչյա Հարությունյանին գումար փոխանցի»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ