Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեվարձի թանկացումն անօրինական է. իրավապաշտպան ՀԿ

Հուլիս 24,2013 12:32

hra.am. Երևան քաղաքում ներքաղաքային ուղևորափոխադրումների համար 150 դրամ փոխադրավարձ պահանջելը, որը հիմնավորվում է քաղաքապետի որոշմամբ, չի կարող օրինական համարվել, քանի որ օրենքով սահմանված կարգով այն չի հրապարակվել և ուժի մեջ չի մտել: Հետևաբար քաղաքացիները պարտավոր չեն կատարել նման անօրինական պահանջը:

Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը:

Կազմակերպությունը բերում է իր պնդման իրավական հիմքերը.

1. ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Տվյալ պարագայում երթուղային ցանցի կազմակերպող մարմին է համարվում Երևան քաղաքի քաղաքապետը և փոխադրավարձի ավելացման պահանջը կարող էր օրինական համարվել Երևան քաղաքի քաղաքապետի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված որոշման համապատասխան:

2. Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման, և դրանք ուժի մեջ մտնում են բացառապես պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, եթե ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

3. Նույն օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որոշումները հրապարակվում են «Երևանի իրավական ակտերի տեղեկագրում» դրանք ստանալու օրվան հաջորդող տասը օրվա ընթացքում:

4. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2013թ. հուլիսի 23-ին հեռախոսազանգով դիմել է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերությանը, որը պատասխանատու է իրավական բոլոր ակտերի պաշտոնական հրապարակման համար: Տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Երևանի իրավական ակտերից վերջինը թվագրվում է 2013թ. հուլիսի 10-ով: Ինչպես վերջին, այնպես էլ դրան նախորդող տեղեկագրերից որևէ մեկում Երևան քաղաքի ներհամայնքային տրանսպորտի փոխադրավարձերի ավելացման վերաբերյալ որոշում հրապարակված չէ:

5. Ավելին, որևէ որոշում չի հրապարակվել նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքում, ինչպես նաև Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգի www.arlis.am, www.laws.am, www.legislation.am կայքերում:

6. Հետևաբար, 150 դրամ փոխադրավարձ վճարելու մասին պահանջը, որը հիմնավորվում է քաղաքապետի որոշմամբ, չի կարող օրինական համարվել, քանի որ օրենքով սահմանված կարգով այն չի հրապարակվել և ուժի մեջ չի մտել:

7. Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի համաձայն՝ անձը պարտավոր չէ կատարել իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջները: Ուստի, 150 դրամ փոխադրավարձ վճարելու պահանջը չի կարող համարվել օրինական և քաղաքացիները պարտավոր չեն ենթարկվել նշված անօրինական պահանջին:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն պատրաստակամություն է հայտնում իրավական աջակցություն տրամադրել բոլոր այն անձանց, ում իրավունքները խախտվել են 150 դրամ փոխադրավարձ վճարելու պահանջի և դրա հետևանքով ձեռնարկված այլ միջոցառումների արդյունքում:

Կազմակերպությունը տեղեկացնում է, որ համապատասխան հարցումներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ գործընթացի օրինականությունը ստուգելու և անօրինական գործողությունների շարունակությունը կանխելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    Կարո՞ղ է որևէ հրապարակել քաղաքապետի նախորդ որոշումը, ըստ որի ուղեվարձը հարյուր դրամ է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031