Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վճարում ենք 100 դրամ նախաձեռնությունը քաղաքապետարանի առաջ 5 պահանջ է դրել

Հուլիս 24,2013 11:49

Այսօր Մաշտոցի այգում մի խումբ քաղաքացիներ, որոնք պայքարում են 150 դրամ ուղեվարձի դեմ եւ «Վճարում ենք 100 դրամ» կոչով շրջում են փողոցներում, ասուլիս էին հրավիրել: Նրանք հայտարարեցին, որ չեն ընդունում քաղաքապետարանի որոշումը՝ ուղեվարձը թանկացնելու. «Այս որոշումով խախտվում է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը, ըստ որի ՀՀ-ն սոցիալական պետություն է: Իսկ որոշումը նպաստում է սոցիալական անարդարության խորացմանը: Այս որոշումով քաղաքապետարանը խախտել է իր իսկ որդեգրած հանրային մասնակցության եւ բնակիչներին որոշումների կայացմանը մասնակից դարձնելու սկզբունքը: Հանրային քննարկումներ չեն արվել, չեն ներգրավվել շահագրգիռ կողմեր՝ վարորդներ, ուղեւորներ»:

Նրանք հայտարարեցին, որ չեն վստահում ուղեվարձի թանկացան հաշվարկներին եւ համարում են, որ քաղաքապետարանը գերադասել է մասնավոր շահը՝ հանրայինից:

Ըստ քաղաքացիների, 150 դրամ ուղեվարձի կիրառման որոշումը չի մտել ուժի մեջ եւ այն ապօրինի է կիրառել. «Հազարավոր մարդիկ, ովքեր վճարել են 150 դրամ, խաբված են, իրականում այդ ուղեվարձը իրավախախտում է»: Քաղաքացիները պահանջում են անհապաղ դադարեցնել այդ ուղեվարձի կիրառումը, պատասխանատվության ենթարկել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել այդ խաբեության իրականացման գործում՝ սկսած քաղաքապետից մինչեւ տրանսպորտի վարչության աշխատակիցները, գծատերերը»:

Ռուզաննա Գրիգորյանը նշեց, որ բոլորին հայտնի են, թե ովքեր են գծատերերը եւ ում շահն է պաշտպանում քաղաքապետարանը՝ մանրամասնելով, որ խոսքը Հենրիկ Նավասարդյանի, Տարոն Մարգարյանի, Սամվել Ալեքսանյանի եւ Ռուբեն Հայրապետյանի մասին է:

Քաղաքացիները հրապարակեցին իրենց պահանջները՝

  1. Հանրային ուղեւորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել եւ վերադարձնել հանրային այս սեփականությունը համայնքին:
  2. Պահանջում ենք իրավապահ մարմինները հետամուտ լինեն այս կեղծիքների, շահերի բախումների եւ անօրինականությունների բացահայտման ուղղությամբ:
  3. Մինչեւ այս գործընթացը սկսելը  պահանջում ենք, որ քաղաքապետարանը իր համապատասխան վերահսկողական եւ տեսչական մարմինների կողմից սահմանի խիստ հսկողություն հանրային ուղեւորափոխադրումներ իրականացնող մասնավոր ընկերությունների նկատմամբ՝ պահանջելով, որ մատուցեն արժանապատիվ, որակյալ, անվտանգ եւ քաղաքակրթ ծառայություններ եւ ապահովեն վարորդների արժանապատիվ աշխատանքի իրավունքը:
  4. Պահանջում ենք հրապարակել հանրային ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ցուցակը, վերջին հինգ տարիների համար ներկայացնել կատարված ծախսերը, եկամուտները, ֆինանսական հոսքերը, վճարված հարկերը: Ներկայացնել ոլորտը մասնավորեցնելուց հետո ընթացիկ եւ երկարաժամկետ արդյունավետության գնահատման արդյունքները:
  5. Պահանջում ենք, որ սրանից հետո քաղաքապետարանը նման որոշումներ ընդունելուց առաջ ապահովի հանրության եւ բոլոր շահագրգիռ կողմերի իրական եւ արդյունավետ մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031