Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդ. Շարմազանովը`Րաֆֆի Հովհաննիսյանին. «Փրկիչը համբարձվել է երկինք»

Հուլիս 24,2013 11:38

Օրերս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց բոլոր իշխանական, ընդդիմադիր, այլընտրանք քաղաքական ու հասարակական ուժերին`սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության 22-ամյա տարեդարձի օրը, նստել կլոր սեղանի շուրջ եւ համատեղ քննարկել Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներն ու դրանցից դուրս գալու տարբերակները: Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին`իշխող ՀՀԿ-ն ականջալուր լինելո՞ւ է «Ժառանգության» առաջնորդի կոչին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն վերջին տարիներին բազմիցս բոլորին կառուցողական համագործակցության կոչ է արել:

Շարմազանովը հիշեցնում է, որ եւ ՀՀ նախագահը եւ քաղաքական մեծամասնությունը բացառապես երկխոսության կողմնակից են ու ոչ մեկ անգամ են հայտարարել այդ մասին. «Եթե որոշ քաղաքական գործիչներ փորձում են իրենց տեսնել փրկչի դերում, ապա պետք է ասեմ, որ փրկիչը եկել է ու համբարձվել է երկինք, երկրորդ փրկիչ չի լինելու»:

Ինչ վերաբերում է «համահայկական շարժման» միջոցով հեղափոխություն իրականացնելու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին, մեր զրուցակիցը նկատեց. «Մեր ժողովուրդը արդեն հեղափոխություն իրականացրել է 1988 թվականին: Հիմա էվոլյուցիայի ժամանակն է, եւ մենք բոլորս պետք է գործենք երկրի շահերից ելնելով: Երկրում կան խնդիրներ, բայց այն կրախի առջեւ կանգնած չէ, այլ հակառակը՝ դանդաղ զարգանում է»:

Ըստ Շարմազանովի, իշխող ՀՀԿ-ն լավատեսորեն է տրամադրված`չնայած առկա դժվարություններին. «Նույնիսկ դժվարությունների մեջ մենք հնարավորություններ են տեսնում՝ ի տարբերություն հոռետեսների, որոնք նույնիսկ իրենց տրված հնարավորություններում դժվարություններ են տեսնում: Եթե պարոն Հովհաննիսյանը կարծում է, որ մենք արդեն ձախողման, կործանման եզրին ենք, ապա, ի տարբերություն իրեն, որ մեծ հոռետես է, ես լավատես եմ. իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, բայց մենք դանդաղ առաջ ենք շարժվում և ոչ հետ»:

Շարմազանովը Րաֆֆի Հովհաննիսյանին հորդորում է ետ նայել. «Հայաստանի ժողովրդավարությունը 10 տարի առաջ, 8 տարի առաջ, թեկուզ 5 տարի առաջ, խոսքի ազատության, բազմակարծության վիճակը, ընդդիմադիր գործիչների վիճակը, կոռուպցիայի դեմ պայքարը, իշխանության հրապարակայնությունը, և տեսնի` մենք առաջ ենք գնում, թե հետ ենք գնում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031