Լրահոս
Օրվա լրահոսը

«HSBC բանկի» գլխավոր մասնագետի գործը վերաքննիչում բեկանվեց

Հուլիս 24,2013 11:05

ՀՀ վերաքննիչ դատարանը «Էյչ Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ–ի «Ռիսկերի կառավարման» բաժնի գլխավոր մասնագետ, «Ռազմավարական պաշտպանություն քաղցկեղից» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Առուշանյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանի (լուսանկարում) բողոքի քննությունն ավարտեց: Վերաքննիչ դատարանը բեկանել է գործը եւ ուղարկել ընդհանուր իրավասության դատարան:

Երկարատեւ ազատազրկման դատապարտված Աշոտ Առուշանյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա խմբով, իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին և ծանոթ Արտաշես Գալուստյանին օժանդակել է հանցագործության կատարմանը` վերջիններիս տրամադրելով տեղեկատվություն հափշտակության առարկայի` առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ:
Այս գործով ինքնասպան եղած կասկածյալ Ա.Գալուստյանն առերես հարցաքննության ժամանակ, իր ցուցմունքում նշել էր, թե 2011թ. հունիսի սկզբներին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդ.Կարաքեշիշյանը և Ա.Առուշանյանը հանդիպել են :Այդ ժամանակ էլ վերջինս Կարաքեշիշյանին է փոխանցել մի թուղթ, որի վրա իբր նշված է եղել  «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի  «Էյչ Էս –Բի- Սի» բանկից տեղափոխված գումարի, դրա օրվա հաճախականության վերաբերյալ. այդ թղթում ամենաքիչ գումարը 10 միլիոն էր, իսկ ամենաշատը 200 միլիոնից անց:
Ըստ գործի նյութերի,  «Մանանա Գրեյն « ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Մանուկյանի կողմից սպիտակ գույնի  «Ինֆինիտի» մակնիշի 990 ԼՏ 02 պետհամարանիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Արմաշ գյուղից Երևան խոշոր չափի գումար տեղափոխելու մասին` միաժամանակ նույն պահին Էդ.Կարաքշեշիշյանին է փոխանցել մինչ այդ իր կողմից HSBC բանկի համակարգչային բազայից ձեռք բերված, թղթի վրա տպված գրավոր տեղեկատվությունը :
Աշոտ Առուշանյանին առաջադրված մեղադրանքը և Արտաշես Գալուստյանի ցուցմունքները հերքվել են դատարանում որպես վկա հարցաքննված Արմեն Մանուկյանի ցուցմունքերով:
Արմեն Մանուկյանը դատաքննության ժամանակ տված ցուցմունքում հայտնել էր. «Այդ օրը ես անձնական հանդիպում ունեի, որը պետք ա տեղի ունենար Տիգրան Մեծի տպարանի շենքում՝ բարձրահարկ շենքում, որտեղ իմ անձնական բիզնեսի հետ կապված շատ կարճ հանդիպում պիտի լիներ: Որոշեցի մեքենան կանգնեցնել նենց տեղ, որ մարդաշատ լինի , ապահով, մտքովս անգամ չէր անցնում նման բան, ու մտածում էի, որ շատ կարճ կլինի հանդիպումը, բայց հանդիպումը ձգձգվեց, մոտ 40 րոպե, ու երբ վերադարձա, էդ դեպքը եղել էր»:
Այն հարցին, թե  «Քանի օրը մեկ, ինչ հաճախականությամբ եք Դուք գումարներ բերել եւ Երեւանում մուտքագրել», վկան պատասխանել էր.  «Սովորաբար շաբաթական երկու անգամ լինում ա, բայց կարա մուտքերը վատ լինի, չլինի շաբաթական, կամ ինչ-ինչ գործերով ընկնենք չլինի էդ մուտքագրումը բանկ: Կարող ա լինի շատ փոքր գումար, որը անհրաժեշտ ա ինչ-ինչ բաների համար ու ստացվի որ… Կոնկրետ օրինաչափություն շարժերի՝ չէ»:

Ա.Մանուկյանը իր 21.11.2011թ. նախաքննական ցուցմունքում հայտնել էր. «Որպես կանոն ընկերությունում կանխիկ առևտրից կուտակված գումարները , անհրաժեշտության դեպքում առանց օրերի սահմանափակման կամ օրինաչափությունների ես կամ տնօրենը Արմաշ գյուղից տեղափոխում ենք Երևան քաղաք HSBC բանկ մեր ընթացիկ հաշվին մուտքագրելու և հետագայում գործարքներ կատարելու համար»:
Վկայի կողմից տրված պատասխաններով հերքված է նաև այն ենթադրությունը, թե Ա.Մանուկյանն է մշտապես Արմաշ գյուղից Երևան տեղափոխել և բանկ մուտքագրել ընկերության գումարները¦:
Վկան հարցերին պատասխանելիս հայտնել էր, թե բացի իրենից Արմաշից Երևան գումարները տեղափոխել են ինչպես ընկերության տնօրենը, այնպես էլ ընկերության այլ աշխատակիցներ և հնարավոր էր, որ այլ աշխատակիցները իրենց մեքենաներով նույնիսկ շաբաթվա մեջ 1 կամ 3-4 անգամ Երևան տեղափոխեին ընկերությունում կուտակված գումարները:
Ի դեպ, անցյալ տարվա հունիսի 28-ին նախատեսված էր Ա.Առուշանյանի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար ատենախոսության հրապարակային պաշտպանությունը՝ «Հարկային վարչարարության կատարելագործման խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով, սակայն անազատության մեջ հայտնվելով այն մնացել է անավարտ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031