Լրահոս
Օրվա լրահոսը

Գրականագետները նշեցին Մուշեղ Գալշոյանի ծննդյան 80-ամյակը

Հուլիս 23,2013 21:28

Հանրությունն այսօր հետընթաց է ապրում բարձր արժեքներից ու գրականությունից

Այսօր Հայաստանի Ազգային գրադարանի դահլիճում տոնեցին արձակագիր Մուշեղ Գալշոյանի ծննդյան 80-ամյակը: Նա ծնվել է 1933թ. Թալինի Կաթնաղբյուր գյուղում:

Միջոցառման կազմակերպիչներից` Հանրության հետ կապերի միջոցառումների բաժնի վարիչ Անահիտ Մանուչարյանը տեղեկացրեց, որ ներկայացվել են Մուշեղ Գալշոյանի գրականությանը նվիրված ցուցահանդես, որտեղ տեղ են գտել գրողի ստեղծագործությունները` հրատարակված տարբեր տարիներին, ինչպես նաեւ նրա հոդվածները, որոնք լույս են տեսել մամուլում: Կան նաեւ նրա ասույթներից, որն ավելի է ամբողջացնում ցուցահանդեսը:

Ցուցահանդեսից հետո կազմակերպվել էր դահլիճային հատված, որտեղ գրականագետները հանդես եկան իրենց ելույթներով եւ շնորհավորեցին արձակագրի 80-ամյակը:

Գրող, բանաստեղծ Արտաշես Ղազարյանն էլ, ով Մուշեղ Գալշոյանի քրոջ որդին է ասաց, որ միջոցառման  նպատակը միանշանակ մեկն է` նշել արձակագրի ծննդյան 80-ամյակը. «Սա առիթ է, որ երեւելի գրողի արածը փորձենք բերել այսօրվա հարթության վրա: Ապրում ենք բարդ, դժվարին ժամանակահատվածում, եւ այդ առումով նրա գրականությունը չափազանց կարեւոր է: Այն հարցադրումները, որ Մուշեղ Գալշոյանը դրել է իր գրականության մեջ, այսօր դառնում է շատ արդիական: Ես կարծում եմ Մուշեղ Գալշոյանի գրականությունը, հատկապես այսօր կարող է զորակցել նոր սերնդին»:

Բնութագրելով նրա գրականությունը`ասաց, որ դրա հիմքում հայ մարդու արժանապատվությունն է դրված, թե անկախ ժամանակի դժվարություններից հայ մարդն ինչպես պետք է իրեն պահի: «Այս առումով ես վստահ եմ, որ նրա հերոսներն այսօր գալիս են կանգնելու մարդու կողքին: Ցավոք հանրությունն այսօր հետընթաց է ապրում բարձր արժեքներից ու գրականությունից, թատրոնից ու կինոյից: Եվ դա ոչ այնքան սովորական մարդկանց մեղքն է, որքան մշակութային կյանքի բացակայությունը»,- ասաց նա:

Ինչպես Մուշեղ Գալշոյանի ընկերներն ու գրականագետներն են փաստում, նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնացել է սասունցի լինելու գիտակցությունը։

Հիշեցնենք, որ արձակագրի ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր էին ընտրել Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։

Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրո» պատմվածքը եւս մեկ անգամ հրատարակվել է այս տարի` նվիրված նրա 80-ամյակին, որը նոր սերնդին ներկայացնելու նոր տարբերակ է: Այս մասին իր ելույթում հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նա զարմանալի զուգադիպություն եւ ճակատագրական նմանություն համարեց նաեւ այն, որ 47 տարեկան հասակում մահացել են երեք մեծանուն գրողներ` Պարույր Սեւակը, Մուշեղ Գալշոյանը եւ Մինաս Ավետիսյանը:

Նշենք, որ  Մուշեղ Գալշոյանի պատմվածքների ժողովածուն կոչվում է «Մարութա սարի ամպերը»: Գրել է էսսեներ, վիպակներ եւ պատմվածքներ: Հիշարժան է նշել նրա «Կռունկ», «Ծաղկած քարեր», «Մարութա սարի ամպերը» պատմվածքների ժողովածուները, «Բովտուն» վեպը: Ստեղծագործություններում կորուսյալ հայրենիքի կարոտն է, Մեծ եղեռն ապրած հայության արդար դատը: Նրա երկերի հիման վրա նկարահանվել են նաեւ «Հնավանդ թմբուկը», «Բովտուն», «Ձորի Միրոն» կինոնկարները:

Մուշեղ Գալշոյանը մահացել է 1980թ.:

 

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031