Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հատուկ քննչական ծառայությունը հաղթեց բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի չեմպիոնին

Հուլիս 23,2013 21:19

Ճանաչված մարզիկ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Արմեն Խալոյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներում և դատապարտվել էր 5 տարի ժամկետով ազատազրկման և նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի` երկու հարյուր հիսուն հազար ՀՀ դրամ գումարի չափով տուգանքի։

Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերի 25-ին  ՀՀ ոստիկանության վարչական շենքի ընդունարանում ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի մոտ ընդունելություն ստանալու հարցի շուրջ Ա.Խալոյանը վիճել էր ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Մերուժան Հակոբյանի հետ: Վեճի արդյունքում իբրեւ Ա.Խալոյանը ձեռքերով հարվածել է Մ.Հակոբյանին, նրան պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Նոյեմբերի 2-ին, , երբ հարկադրաբար Ա.Խալոյանին «բերման են ենթարկում» ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժին, նա իբրեւ չի ենթարկվում իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հայկ Կարապետյանի պահանջներին, բռունցքներով հարվածում  է վերջինիս դեմքի շրջանին, պատճառում թեթև վնաս` առողջության կարճատև քայքայմամբ։

Ա.Խալոյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռեւազյանը  այս գործով դատական ակտերի բողոքներին զուգահեռ դատի էր տվել նաեւ Հատուկ քննչական ծառայությանը, վիճարկելով նրա անգործությունը, պահանջելով, որ ՀՔԾ-ն հարուցի քրեական գործ իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների խոշտանգումների, մարմնական վնասվածքների մասով արված հայտարարությունների, հաղորդման հիման վրա: Առաջին ատյանը մերժել էր պաշտպանի բողոքը, այսօր վերաքննիչ դատարանը դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ նույնպես մերժեց:

Պաշտպանն ասաց, որ բողոքելու է ՀՀ վճռաբեկ դատարան, եւ երբ կսպառի ներպետական արդարադատական բոլոր հնարավոր միջոցները, կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031