«Հուսո առագաստ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2012 թվականին եւ ունի մոտ 400 անդամ: Կազմակերպությունը զբաղվում է կալանավայրից վերադարձած մարդկանց եւ նրանց ընտանիքի հոգսերով: Նրա գլխավոր նպատակն է՝ աշխատավայրեր ստեղծել եւ կանխել նոր հանցագործությունները:
Ըստ հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Կոշերյանի նրանք մտադիր են զբաղվել խմորեղենի արտադրությամբ, բայց ֆինանսական խնդիրների պատճառով աշխատանքները դեռ չեն սկսել: Ըստ հիմնադրամի նախագահի՝ ապագայում արտադրամասի աշխատանքները սկսելուց հետո, իրենք մտադիր են բացել կարի արտադրամաս, ի դեպ էկոնոմիկայի նախարարությունը արդեն նվիրել է կարի մեքենաներ: Չնայած կազմակերպության «Հուսո առագաստ» անվանմանը՝ Գեւորգ Կոշերյանը հույսեր ընդհանրապես չուներ.
«Շնորհանդես կազմակերպեցինք, բոլորը եկան, փորձեցին, ասեցին՝ համով ա ու վերջ, ոչ ոք չհետաքրքրվեց: Հասարակությունը, լսելով, որ դատված մարդիկ են, միանգամից երես են թեքում: Երաժիշտ Արա Գեւորգյանը համաձայնվել է բարեգործական համերգ տալ, բայց տոմսերը առնող չկա: Ես ինքս բաց նամակներ եմ գրել բոլոր հնարավոր բարերարներին, բայց պատասխան չկա»:
Կազմակերպության անդամները հիմնականում ապրում են Վարդաշենի եւ Տէցի հանրակացարաններում: Մոտ 90 նախկին ազատազրկվածների երեխաներ չեն հաճախում դպրոց, քանի որ չունեն համապատասխան հագուստ եւ գրենական պիտույքներ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ