«Հայազն» կուսակցության անդամները այսօր 150 դրամ ուղեվարձի դեմ բողոքի երթով քաղաքապետարանի մոտից հասան կառավարության շենք: Կուսակցության անդամները ներկայացրեցին երկրում ստեղծված տնտեսական, սոցիալական վիճակը, իսկ ակտիվիստները, արձագանքելով դրան՝ ժամանակ առ ժամանակ բղավում էին՝ «Ամոթ, ամոթ, Տիգրան, հեռացի՛ր»:
«Հայազնի» անդամների խոսքերով՝ «Այս կառավարությունը գլխավորում է մի մարդ, որը հեղինակել է պետության վախճանի ծրագիրը: Ամենավատն այն է, որ պետության վախճանի այդ ծրագիրը ներկայացվում է որպես պետության փրկության ծրագիր: Այս ֆինանսական օլիգարխների նոր տեսակը պատրաստվում է վաղը Հայաստանում 100 տոկոսանոց իշխանության հասնել: Թույլ չե՛նք տա»:
Ակտիվիստները վստահեցրին, որ եթե «այդ պարոնը»՝ նկատի ունեն Սերժ Սարգսյանին, արձակուրդ գնացած չլիներ, միգուցե երթով հասնեին նախագահական:
Ակցիայի մասնակիցներից մեկը՝ բնապահպան Ապրես Զոհրաբյանը ցույցի ժամանակ հիշեցրեց, թե ինչպես էր էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ-ում համակարգչով գույնզգույն «շարիկ գլորում»: Նրա խոսքերով՝ «Էս էր էս կառավարության առավելագույն աշխատունակության ցուցանիշը: Կգա ժամանակ, որ էս կառավարությունը ժամանակ կունենա շարիկ գլորելու: 10 տարվա ժամանակ կունենա գլորելու եւ դա կլինի այն բանի համար, որ իրենք անգործության են մատնվել՝ իր պատասխանատվությունը կատարելու ժամանակ: Այդ ժամանակը նա կունենա բանտում»:
Կարդացեք նաև
Նա մի քառատող տեղում շարադրեց՝ նվիրված մեր կառավարությանը, որը շարունակեցին ցուցարարները կրկնել.
«ՀՀ կառավարություն,
Գլորիր շարիկ գույնզգույն,
Ինչքան կերաք բոլ եղավ,
Ու ձեզ արդեն շատ եղավ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ