Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» և «Հասմիկ» ճամբարներ` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հանդիպելու նպատակով: Ճամբարներում հանգստացող երեխաները Տիգրան Սարգսյանին դիմավորել են իրենց պատրաստած պարային երաժշտական ելույթներով:
Կառավարության ղեկավարը շրջել է ճամբարներում, ծանոթացել հանգստի և սննդի պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Վարչապետին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
Կարդացեք նաև
Ամեն տարի ՀՀ կառավարությունն իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպման ծրագիր` Հանքավանի «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ» և Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարներում: Տարեկան ծրագրին մասնակցում է 3000 երեխա, որոնց հանգիստն իրականացվում է 2 հերթափոխով` յուրաքանչյուրը 20 օր տևողությամբ: Աշխատանքը կազմակերպվում է ՀՀ վարչապետի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Երեխաների ցուցակները ներկայացվում են ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից:
ՀՀ կառավարություն