«Ինձ համար տարակուսելի է, որ ընդամենը երեք-չորս ամիս առաջ Երևանի քաղաքապետը խոստանում էր, որ այս թանկացումը չի լինելու, ու ինձ հետաքրիր է լսել այդ հիմնավորումը քաղաքապետարանի կողմից, թե ինչն է փոխվել»,- այսօր մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին`իր կարծիքով օրինակա՞ն է ուղեվարձի թանկացումն այն պարագայում, երբ Երեւանի ավագանու նիստ չի եղել, խորհրդակցություն չի եղել՝ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Նա ասաց, որ հիմա իրենք ուսումնասիրում են մանրամասները, գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետարան, որպեսզի իրենց ներկայացվեն սակագնի թանկացման վերաբերյալ բոլոր հիմքերը:
Ինչ վերաբերում է տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպվող ակցիային, բանախոսն ասաց. «Ես հիանում եմ մեր այն քաղաքացիներով, ովքեր իրենց մեքենաներով անվճար տեղափոխում են մարդկանց: Ես չունեմ իմ սեփական մեքենան, թե չէ ես էլ մեծ սիրով կտանեի: Ես ողջունում եմ, որ մեր մտավորականներն ու հայտնի գործիչներն են միացել նաև: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիական հասարակությունը զարգանում է»:
Միաժամանակ Կարեն Անդրեասյանը հորդորեց զերծ մնալ ապօրինի գործողություններից. «Չի կարելի ապօրինություններով պայքարել ոստիկանության դեմ, հատուկ դիմադրությունը վտանգավոր է, իսկ բոլոր այն օրինական ակցիաների միջոցները, որոնցից օգտվում են մեր համաքաղաքացիները, ողջունելի են»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ողջունո՞ւմ է նաև 100 դրամ վճարելու որոշումը, նա պատասխանեց, որ չէր կարող մի ծառայությունից օգտվել ու վճարել այնքան, որքան որ կարծում է, որ արդարացի է. «Ես կնախընտրեի չօգտվել այդ տրանսպորտից, այստեղ վատ վիճակում կարող է հայտնվել վարորդը, բայց նաև ողջունում են այն վարորդներին, ովքեր համաձայնում են ու 100 դրամ են վերցնում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ