Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՄԻՊ-ը ազգամիջյան խնդիր չի տեսնում

Հուլիս 23,2013 17:34

«Համեմատություններ չեմ անի, վեց հոգանոց խուց էր, պայմանները համեմատաբար բարվոք են, բայց համեմատություններ չեմ անի, շատ զգայուն է ու իմ ամեն մի խոսքը կարող է դառնալ ՌԴ-ի, Հայաստանի…որոնք հիմա պետք չեն`հենց նույն Հրաչյա Հարությունյանի շահերի եւ իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,- պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ի՞նչ պայմաններում էր գտնվում հայ վարորդը ռուսական կալանավայրում, ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ նա լուսադեմին է վերադարձել ՌԴ-ից, որտեղ մեկնել էր ավտովթարի արդյունքում 18 մարդու մահվան պատճառով կալանավորված հայ վարորդ, նախկին ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի հարցով հանդիպումների համար:

Կարեն Անդրեասյանն ասաց, որ Հրաչյայի փաստաբանները հայց չեն ներկայացրել` նրան կանացի խալաթով դատարան տանելու վերաբերյալ: Ասաց, որ մարտավարական տեսանկյունից ելնելով՝ փաստաբաններն այժմ նման հայցի եւ բարոյական վնասի փոխհատուցման անհրաժեշտություն չեն տեսնում, քանի որ հասարակությանը գրգռելու իմաստ չեն տեսնում: Տեղեկացրեց, որ այդ առիթով իր եւ Հարությունյանի փաստաբանի դիմումները կան`ՌԴ ՄԻՊ-ին ուղղված, որոնց ընթացք կտրվի:

Անդրեասյանը կարծում է, որ այժմ ճիշտ է կենտրոնանալ Հարությունյանի մեղքն ապացուցել-չապացուցելու եւ արդար դատավարության վրա, իսկ մնացյալ հարցերին հետո էլ կարելի է անդրադառնալ:

«Ազգային խտրականության հատուկ խնդիր չկա պետական մարմինների, պետական պաշտոնյաների կողմից՝ չկա ոչ Հայաստանում, ոչ ՌԴ-ում»,- իր տպավորությունները փոխանցեց Կարեն Անդրեասյանը`հավելելով, որ տարբեր տեսանկյուններից վտանգավոր է այս ցավալի միջադեպը, որը բավականին անմարդկային էր, ազգամիջյան կոնֆլիկտի վերածելու փորձ անել:

Նա նկատեց, որ որեւէ մեկը որեւէ մեկին չի արգելելու վրդովվել, երբ կա մարդու իրավունքների ակնհայտ խախտում: Ասաց, որ իր մոսկովյան հանդիպումներն ու քննարկումներն այդ շրջանակներում են եղել, որեւէ ազգային, ազգամիջյան խնդիր չկա: Կա իրավապաշտպան խնդիր, կան զոհերի, փաստաբանական եւ դատավարական խնդիրներ, որոնք քննարկվել են պրոֆեսիոնալ մակարդակում:

Ռուսական պետական հեռուստաալիքի լրագրողի ռեպորտաժն Անդրեասյանը համարում է ամենավտանգավոր երեւույթներից, որը կարող էր այս ողբերգությունն ազգամիջյան խնդրի վերածել: Ասաց, որ ռեպորտաժը զուրկ է բոլոր էթիկական նորմերից, ինքնին մարդու իրավունքների խախտում է, գռեհիկ է, դուրս է ցանկացած ողջամիտ լրագրության շրջանակներից: Խնդիրը լուրջ քննարկվել է ՌԴ ՄԻՊ-ի գրասենյակում. «Իրենց արձագանքը մեզ համար ողջունելի եւ ուրախալի էր: Իրենք պատրաստվում են համապատասխան գրությամբ հանդես գալ այդ հեռուստաընկերության հետ կապված, իրենք նույնքան դատապարտում են ցանկացած նման լրագրություն: Վստահ եմ, որ այդ ռեպորտաժը դիտելուց իրենց ոչ միայն հայերը վատ զգացին, այլ նաեւ ռուսները, ուկրաինացիները: Վստահ եմ, այստեղ չկա որեւէ ազգային հարց: Շատերը գիտեն այդ տիկնոջ պրոֆեսիոնալ որակների մասին»:

Կարեն Անդրեասյանը վստահ է, որ Հրաչյա Հարությունյանին նման տեսքով դատարան տանելու մեղավորներին ՌԴ իշխանությունները կտան իրենց հասանելիք պատիժը:

Այս գործով ՀՀ իշխանությունները, ըստ ՄԻՊ-ի գործել են համարժեք եւ համաչափ: Նկատենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ ՀՀ ԱԳՆ-ն պիտի նոտա հղեր ՌԴ-ին: Կարեն Անդրեասյանը գտնում է, որ ՀՀ իշխանություններն, ի դեմս ՌԴ-ում ՀՀ դեսպանության, գործել են համարժեք: Նա ոգեւորիչ է համարում, որ մեկ քաղաքացու համար այսպիսի դրսեւորում եղավ, բայց նկատում է, որ այդ դրսեւորումներից ոչ բոլորն էին իր համար ընդունելի, կային նաեւ ծայրահեղական բաներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031