«Գիտության փորձագիտության բնագավառում քաոս է տիրում: Եվ այսօր գիտությունը ամբողջովին գտնվում է կրիմինալ, կոռուպցիոն ազդեցության տակ: Ցանկացած տառաճանաչ անհատ, ով ունակ է օգտվել համացանցից, ապա կարող է մտնել գիտության պետական կոմիտեի կայք եւ տեսնել՝ արդյոք թեմաները համապատասխա՞ն են, թե՞ ոչ»,-այսօր այս մասին «Արմատ» մամուլի ակումբում ասաց համահայկական գիտական խորհուրդ ՀԿ նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսագիտության ամբիոնի վարիչ Սիներիկ Հայրապետյանը, հավելելով, որ թեմաները չունեն գիտական արժեք եւ հատկապես տնտեսությանը վերաբերող թեմաների զարգացումն այս պարագայում անհրաժեշտություն է:
Ըստ նրա` այս բնագավառում հարկավոր է արմատական փոփոխություններ իրականացնել՝ կոչ անելով բոլոր գիտնականներին ուղարկել իրենց առաջարկությունները, որպեսզի դիմեն նախագահին: «Եթե երկրում գիտության փողերը լվացվում են, ապա այդ երկիրը ապագա չունի, այդ էթնոսը վտանգված է»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով` բոլորը գնում են, եւ եթե չենք ուզում տարիներ անց այս տարածքում տախտակի վրա գրված լինի ` «Այս տարածքում ապրել են հայերը», պետք է պայքարել:
ԳԱԱ առաջատար գիտաշխատող, Մարի Կյուրիի մրցանակակիր Գրիշա Բալասանյանի աշխատությունը շուրջ 2 տարի առաջ Եվրոպայի գիտական խորհրդի կողմից արժանացել էր մրցանակի եւ համարվել դասական տեսություն, սակայն Հայաստանի Գիտական կոմիտեի կողմից այն մերժվել էր. «Գիտական գործունեության հիմքում ընկած է փորձագիտությունը: Հայկական գիտությունը կործանվում է. եթե մենք էլ քայլեր չձեռնարկենք, ուրեմն մենք էլ ենք ազգի դավաճաններ»,-ընդգծեց նա՝ ասելով. «Եթե կա բարձրագույն փորձագիտական մարմին, ապա կոմիտեն ինչպե՞ս է տարիներ շարունակ գրանտներ բաժանում: Սա սխալմո՞ւնք է, թե՞ աբսուրդ: Ստացվում է կա դատարան եւ դատավոր, բայց բակում ինչ-որ մեկը դատ է անցկացնում»,-ասաց նա, զարմանքով նշելով, թե ինչպե՞ս է անցկացվում կոմիտեի կողմից փորձագիտություն, երբ փորձագիտություն իրականացնելու ժամանակ դրսի մարդը երբեք չի մասնակցի, այդ ամենը խաբեություն է, որով կարող են նախագահին կամ վարչապետին խաբել, ասելով. «Մենք դուրսը ունենք ռեցենզետներ, թե մեզ ռեցենզիա կգրեն, մյուս կողմից էլ դու դուրսը մարդ ուղարկելու իրավունք էլ չունես, քանի որ գիտական աշխատանքն իր մեջ որոշակի գաղտնիք է պահանջում, որը պետք է մնա քո հայրենիքում: Ստացվում է, որ դուրս չի կարելի ուղարկել, իսկ ներսի մարդը ի վիճակի չէ գնահատել: Կատարվում է տոտալ խաբեբայություն»:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ