Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը`Հրաչյա Հարությունյանի մասին. «Կար դեպրեսիայից դուրս եկած մարդ, նույնիսկ կար ժպիտ»

Հուլիս 23,2013 17:10

«Այո, հանդիպել եմ Հրաչյա Հարությունյանի հետ, «Մատրոսկայա տիշինա» կալանավայրում: Դա վերջին հանդիպումն էր, որը ես ունեցել եմ ՌԴ-ում: Այստեղ հատուկ սիմվոլիզմ չէր, ուղղակի մեկ աշխատանքային օրում այդ բոլոր հանդիպումները կազմակերպելն իսկապես հերոսություն էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը`շնորհակալություն հայտնելով Օլեգ Եսայանին:

«Հրաչյա Հարությունյանի վիճակն այնպիսին է, որ ինքը շատ դանդաղ է ապաքինվում: Նա ինքը ստացել է կոտրվածքներ: Փառք Աստծո, կար դեպրեսիայից դուրս եկած մարդ, նույնիսկ կար ժպիտ, երբ դրական բաների մասին էինք խոսում, երբ իր ընտանիքի անդամներից ողջույնն էի փոխանցում կամ անձնական, ընտանեկան բարի բաների մասին խոսելիս, մարդը արդեն կարող էր նույնիսկ ժպտալ»,- Հրաչյա Հարությունյանի հետ հանդիպումից մանրամասներ ներկայացրեց ՄԻՊ-ը`հավելելով, որ մինչ այդ այնպիսի խորը հոգեբանական անկումային վիճակում է եղել Հարությունյանը, որ անգամ խոսելու հնարավորություն չի ունեցել: Հետեւաբար, նա Հարությունյանի հարցաքննությունը ողջամիտ չի համարում:

Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ Հրաչյա Հարությունյանի փաստաբանական թիմը կհամալրվի ՌԴ ամենահայտնի փաստաբաններից մեկով`Ռուբեն Վարդանյանով: Փաստաբանի գումարը կվճար Արա Աբրահամյանը: Նա կլինի ղեկավար-փաստաբան, որը կառաջնորդի թիմը: «Այդ փաստաբանի հետ`իրեն պաշտպանելու Հրաչյա Հարությունյանի բոլոր հնարավորություններն էապես ապահովված կլինեն»,- ասաց Կարեն Անդրեասյանը`համոզված, որ եթե, ի վերջո գտնեն, որ Հարությունյանը մեղավոր է եւ լինի պատիժ, կարելի կլինի խոսել նաեւ արտահանձնման մասին: Բանախոսն ասաց, որ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման հնարավորությունը կարող է քննարկվել բացառապես դատարանի վճռից հետո: Մինչեւ դատը Կարեն Անդրեասյանը վաղաժամ է համարում խոսել արտահանձնման մասին: Բայց խնդիրը, ըստ նրա, ոչ թե արտահանձնումն է, այլ այնտեղ արդար դատավարությունը:

Կարեն Անդրեասյանը, բացի ՌԴ-ում ՀՀ դեսպանից, հանդիպել է նաեւ Հայերի համաշխարհային կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանի, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակում, Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: «Այդ ամենի արդյունքում ձեւավորվել է որոշակի մարտավարություն, որոշակի քայլեր, որոնք կօգնեն Հրաչյայի կյանքն այս օրերին ավելի լավը դարձնելու, ինչքանով դա հնարավոր է այս իրավիճակում: Միեւնույն ժամանակ, որպեսզի ապագայում իր իրավունքները պաշտպանված լինի: Ոչ միայն առողջության, կյանքի անվտանգության, այլեւ դատավարական բոլոր իրավունքները, այսինքն, որ նա ստանա լիարժեք փաստաբանական պաշտպանություն»:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին`փորձե՞լ է հասկանալ, այնուհանդերձ ինչո՞ւ են իրականում Հրաչյային կանացի խալաթով դատարան տարել, Կարեն Անդրեասյանն ասաց, որ ինչ վերաբերում է խալաթին, ՌԴ ՄԻՊ-ի հանձնակատարի գրասենյակում հանդիպման ժամանակ էլ է այդ թեման արծարծվել: Տեղեկացրեց, որ այդ հարցով քննություն կլինի, պաշտոնական պատասխանը`դա ի՞նչ խախտում էր, ինչպե՞ս եւ ո՞ւմ մեղքով է դա տեղի ունեցել կստացվի շաբաթներ հետո: Կարեն Անդրեասյանը հորդորեց համբերությամբ զինվել`հավելելով, որ այդ պատասխանը ստանալու համար դեռ երկար եւ հետեւողական պետք է աշխատեն`մեղավորներին գտնելու նպատակով:

Նա տեղեկացրեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանը ամեն ինչ արել է, որ Հրաչյա Հարությունյանն առաջին իսկ րոպեից ստանա եւ անհրաժեշտ հագուստ, եւ սնունդ, բայց «ցավոք, իրենց խոչընդոտվել է, իրենք չեն կարողացել հանդիպել, մոտենալ Հրաչյա Հարությունյանին, առողջական պատճառաբանություններ են բերվել»:

Կարեն Անդրեասյանն ասում է, որ գործընթացը դեռ ուսումնասիրման կարիք ունի եւ իր ու ՌԴ մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակները համատեղ կաշխատեն այդ ուղղությամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031