Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ հայությանը

Հուլիս 23,2013 16:29

Մեծ պատերազմից առաջ մենք՝ հայերս, մեր եկեղեցու բակով սահմանափակած մի կրոնական համայնք էինք (միլլեթ):

Մեզ հասած հալածանքների եւ հարվածների ժամանակ ստիպված էինք խնդրելու մեր եկեղեցու պետին, որ մեզ համար զուր բողոքներ, աղերսներ անի աշխարհի մեծերին:

Մենք ստիպված էինք մեր խղճուկ դպրոցները զետեղել եկեղեցիների բակերում: Եվ եկեղեցիների բակերում էլ նրանք ազատ չէին հալածանքներից: Մենք ազատ չէինք, նույնիսկ, աղետների ժամանակ օգնելու մեր դժբախտ եղբայրներին:

Եվ այսպես անվերջ:

Վերջացավ մեր պատերազմը:

Թե ինչպես՝ էդ ուրիշ խնդիր է, բայց մեր հայրենի հողի վրա, թեկուզ եւ մի մասի վրա, մենք արդեն ունենք Ազատ Հայաստանի Հանրապետություն:

Այժմ արդեն մեզ վրա եկող հարվածների դեմ, աղերսարկու եկեղեցականի փոխարեն, կարող ենք մեր հանրապետական բանակը հանել: Կարող ենք կառուցանել՝ ինչ դպրոցներ էլ ցանկանանք եւ ուր ցանկանանք:

Էդպես էլ ամեն մի քայլափոխին զգալու ենք, որ մենք այժմ ազատ քաղաքացիներ ենք եւ ոչ թե երեկվա անազատ կրոնական համայնքի ծխականները:

Եվ ահա, մեծ պատերազմի ու նրա հետ կապված աղետների հետեւանքով, հայ աշխատավոր ժողովուրդը, հայ գյուղացին ընկել է ծանր կացության մեջ:

Իր բերանի հացից սկսած. նա շատ բան է կորցրել էս մի քանի տարվա ընթացքում: Շատ բան է կորցրել, բայց ձեռք է բերել մեր դարերով երազած ազատությունը:

Եվ որովհետեւ ունի ազատություն, ունի շինարար բազուկ, շուտով կունենա ամեն բան:

Սակայն նրա այս ծանր օրերին օգնության գալու եւ նրա շինարար աշխատանքին մասնակից լինելու պարտավոր է ամեն մի հայ՝ մոտիկից սկսած մինչեւ հեռավոր գաղութները:

Էս օգնությունը երեկվան բարեգործությունը չէ, երբ դեռ կրոնական համայնք էինք միայն: Էստեղ ամեն մի հայի պետք է առաջնորդի ոչ թե խղճահարությունը, այլ քաղաքացիական պարտքի խոր գիտակցությունը:

Ամեն մի հայ պետք է զգա, որ ինքն Ազատ Հայաստանի քաղաքացին է եւ գալիս է գործակցելու իր երկրի կառավարությանը:

Ահա այդ գործակցության համար է, որ Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպվեց Հայաստանի օգնության կոմիտեն՝ անկուսակցական հասարակական մի մարմին: Նշանակալից երեւույթ է, որ, իրարից անկախ ու անտեղյակ, նման մարմիններ են առաջ գալիս ե՛ւ մեր գաղութներում: Էս նշանակում է, թե կենդանի է հայությունը:

Կենդանի է եւ ուժեղ: Երեւանից սկսած մինչեւ հեռավոր գաղութները շարժվում է այն դեպի հայրենիք:

Ինչքան էլ խոչ ու խութեր, ինչքան էլ դժվարություններ ու թշվառություններ հանդիպեն ճանապարհին, նա հասնելու է իր նպատակին:

Հայաստանի ազատ հողի վրա նա շինելու է իր ազատ ու առատ տունը, հայկական բարձրավանդակի վրա զարգացնելու է իր ազգային հանճարը եւ իր խոսքն ասելու է աշխարհքին:

Նա կարող է, եւ իր կարողությունով նա իրավունք ունի:

Հովհաննես Թումանյան, հատված

«Հայաստանի օգնության կոմիտեների առիթով» հոդվածից 1921թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Gibindus says:

    Ա, էլեդ էկա՞ր, Օհաննես ջան: Արի է, արի: Այ տա, կարոտըմ ենք`հեչ վեջըտ ա: Լավ էս ասըմ` “…Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպվեց Հայաստանի օգնության կոմիտեն՝ անկուսակցական հասարակական մի մարմին: Նշանակալից երեւույթ է, որ, իրարից անկախ ու անտեղյակ, նման մարմիններ են առաջ գալիս ե՛ւ մեր գաղութներում: Էս նշանակում է, թե կենդանի է հայությունը:” Մինչև հմի էլ սհե յա`հենց օգնության նման բան են բացըմ-հըսկանըմ ենք, որ սաղ սալամաթ ա հայ ժղովուրթը: Բա ո՞նց: Հըմի դրա պոմոշչ են ասըմ: Հրեն տենըմ է՞ս լուրջ կռիվ ա: Կոնկեն հիշըմ է՞ս: Հմի մարշրուտնի են ասըմ`դեմի ձին էլ կա ոչ: Ժղովուրդն ասըմա 150 մանեթը շատ ա`մխելի գինը քչացրու: Ալամ աշխարըմը 3-4 անգամ ավելի թանգ ա: Ա, բայց մերոնք ուրիշ են, օգնության կոմիտե էն ուզըմ: Առաջ ես մտածըմ էի, թե խաշ ուտելն ու ընդունելության քննություններն են մեզ իրար գլուխ հըվաքըմ: Մարշրուտնու 50 մանեթն էլ ահագին միավորըմ ա: Էս թավուր բաներ, Օհաննես ջան: Այ տա, թեզ թեզ արի`կարոտըմ ենք:

  2. dyadyur says:

    ՀՀ գրողների միությունը մի զինվորական գնդի չափ անդամներ ունի, սակայն այս օրերի իրադարձությունների հետ կապված, ոչ մեկի ձայնը չի լսվում:Իսկ ով է?այսօրվա Հովհ.Թումանյանը,կամ գոնե նրա կեսը:Հարգելի գրողներ,էլ չդժգոհեք,որ ձեզ չեն կարդում:Դուք սկի պահելու բան չեք,էլ ուր մնաց,որ ինչ որ մեկը ձեր ուղեղների արտաթորանքը կարդա:(Գուցե և մի փոքր խիստ ստացվեց):

    • ani says:

      Վերջերս էդ մտավորականներից մեկին հարցեր էր տալիս լրագրողը երկրում տիրող վիճակի և երևույթների մասին, այդ մտավորականը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն էր: Նա պատասխանեց, որ իրեն չի հետաքրքրում, ինքը չի խառնվում, իր գործը ստեղծագործելն է: Թե իրականությունից էդքան կտրված ու մեկուսացած ինչ են էդքան ստեղծագործում, էդ էլ իրենք գիտեն

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031