«Վաղվա պատերազմին ազատամարտիկը օլիգարխին հարստացնող տարածքի համար արյուն չունի տալու»,-Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը:
Մի առիթով ազատամարտիկը նշել էր, թե իրենք բազմաթիվ տարածքներ են ազատագրել, որտեղ այժմ մեր օլիգարխները ցորենի, այլ դաշտեր ունեն և այդ հողերից սնվում են: Ա. Խուդավերդյանը չցանկացավ շատ փակագծեր բացել ու կոնկրետ անուններ տալ, միայն նշեց. «Նրանք հետպատերազմյան տարիներին ոնց սնվել, հարստացել են, նույն կերպ թող պահեն իրենց տարածքները: Դա իրենց խնդիրն է. շեն ժամանակ իրենք ինչ են եղել, որ շիվար ժամանակ ինչ լինեն»:
Մեր հարցին, եթե աստված չանի, պատերազմի վտանգ առաջանա, ո՞վ է մեր հողերը պաշտպանելու. օլիգարխնե՞րը, պատգամավորնե՞րը: Պարոն Խուդավերդյանը նշեց. «Հայոց բանակը, պետական այրերը, թիկնազորատերերը, ժողովուրդը կեղեքողները մի մարդու պես կմեկնեն հայրենիք պահելու: Իրենց արյունից հետո միայն մենք կմեկնենք հակառակորդին տեղը նստեցնելու»:
Հետաքրքրվեցինք` արդյոք իրենց թվարկած մարդիկ կգնա՞ն հայրենի հողը պաշտպանելու: Ազատամարտիկը պատասխանեց. « Չեմ կարծում, բայց կգա մի պահ, որ հեղինակավոր մարդիկ իրենց հեղինակավոր խոսքը կասեն: Դրա համար դիմեցի մեր պառլամենտին, որը քանդամետ է, երկիրը տանում է կռախի առաջ: Նրանք պարտավոր են ինչպես սնվել ու լափել են, այնպես էլ պաշտպանել սուրբ հողը, որը մենք ենք իրենց մատուցել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ