Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Երեւանի քաղաքացին պետք է վճարի վարկի տոկոս, ապա ինչո՞ւ տրանսպորտը պետք է սպասարկի մասնավորը

Հուլիս 23,2013 15:46

«Մոտ մեկ ամիս առաջ, երբ տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված խոսակցություններ էին շրջանառվում, ես ասուլիսներից մեկում ասացի, որ այդ թանկացման հետ կապված պետք է լինի տնտեսական գնահատական ու դա պետք է լիներ մինչեւ թանկացումը: Դրա համար պետք էր ներկայացվեր հիմնավորում, թե ինչի՞ց ելնելով է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի գինը թանկանում»- այսօր «Վարկած» մամուլի ակումբում ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նա նշեց, որ մարդասիրական ակցիաները ինքնաբուխ կերպով պետք է ծավալային բնույթ կրեն. «Մենք տեսանք քաղաքացիների, ովքեր կիրակի օրը ակցիաներ իրականացրեցին: Ես ուրբաթ օրվա իմ գրառումների մեջ գրել էի, որ սա նաեւ կվերականգնի բարի ավանդույթները: Ես հիշում եմ, որ ուսանող տարիներին հայրս ամեն օր ինձ տանում էր համալսարան դասի, եւ վերցնում էինք նաեւ մեր հարեւաններին, որոնք ճանապարհի վրա էին ու մենակ մենք չէինք, այդ թվերին շատ մարդիկ էին այդպես անում: Կամ ակտիվիստները կարող են կազմակերպել նաեւ 4 հարեւանների 1 տաքսիով երթեւեկելը: Այսինքն, քաղաքացիական հասարակության ընդվզումը ոչ միայն պետք է լինի միակողմանի՝ չվճարենք, եւ այլն եւ այլն, այլեւ այն ակցիաներով, որոնք ինչպես տեսնում ենք՝ այսօր նույնպես կան»:
Պարոն Պիպոյանը նշեց, որ մեծ նշանակություն ունի, թե ինչ ձեւաչափով է ներկայացվում հանրային պահանջը. «Այսինքն, 150 դրամը հիմնավոր է, եւ 150 դրամը հիմնավոր չէ: 150 դրամը հիմնավոր է, բայց կարող են գտնվել քաղաքացիներ, որոնք, միեւնույն է, պետությունից պահանջում են 100 դրամով երթեւեկություն,  հաշվի առնելով աշխատավարձերը եւ այլ հանգամանքներ: Եվ կա նաեւ մեկ այլ խումբ, որը պահանջում է Երեւանի քաղաքապետարանից հիմնավորել, թե ինչու է բարձրացել տրանսպորտի գինը»:

Բ. Պիպոյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետարանում ինքը խոսել է թվերից, որոնք ցույց էին տալիս, որ հանրային պահանջը արդարացված է. «Երկու ժամ շարունակ այնտեղ թվային հիմնավորում չեղավ: Իսկ պարոն Նավասարդյանն ասաց, որ դա արվում է վաղվա օրվա համար, որպեսզի, վաղը մենք չունենանք գերծանրաբեռնված երթեւեկություն: Այսինքն, որքան նստելատեղ կա, այնքանն է հաշվարկվում՝ օրինակ, միկրոավտոբուսում կա 14 նստատեղ: Ես այլ հաշվարկ եմ իրականացրել: Դրա համաձայն 14 նստատեղ ունեցող տեղափոխում է 21 ուղեւոր: Իսկ 21 ուղեւորի համար, անգամ եթե հաշվի ենք առնում, որ մնացած ծախսերը ճիշտ են, եւ ձեռք ենք տալիս միայն ամորտիզացիոն ծախսին, մոտավոր թիվը ստանում ենք 90 դրամ»:

Ըստ պարոն Պիպոյանի՝ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ կա նաեւ վարկի տոկոս. «Եթե Երեւանի քաղաքացին պետք է վճարի վարկի տոկոս, ապա ինչո՞ւ տրանսպորտը պետք է սպասարկի մասնավորը: Եթե քաղաքացին վարկը մարում է, ուրեմն այդ գումարը թող գնա պետական բյուջե: Եթե այդ գումարները գնան Երեւանի քաղաքապետարանի բյուջեին, ապա մենք գերշահույթի մասին չենք խոսի, կխոսենք շահույթի մասին: Իսկ այդ գումարներով կարող ենք ունենալ եվրոպական չափորոշիչներին համապատասխան կանգառներ: Ո՞ր մի քաղաքացին կբողոքեր, եթե ամեն առավոտ գնար կանգառ եւ տեսներ հրաշալի կահավորված կանգառ, իսկ մոնիտորի վրա էլ նշվում է, թե երբ է անցել իր ուզած տրանսպորտը եւ քանի րոպեից է գալու, իմանար, որ երբեք կանգնած չի գնալու եւ այլն»:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031