Այսօր քաղաքապետարանի մոտ 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող երիտասարդ ակտիվիստների հետ ակցիային ներկա էր նաեւ մի թոշակառու:
Նա մոտեցավ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ հարց ուղղեց նրան. «Ես գերազանց պատկերացնում եմ, որ հիմա ձեզանից ոչինչ կախված չի, բայց ես 50 տարվա աշխատանքի ստաժ տարած մարդ եմ, էսօրվա վիճակով ինչի՞ համար եմ եկել ստեղ: Մի լումա իմ թոշակը չի ավելացրել: Բա եթե մի լումա չի ավելացրել, հիմա ինչպե՞ս կարող եմ տրանսպորտին 150 դրամ տալ: Առավոտը լույսը բացվում է, գնում ենք խանութ՝ թանկացած է ամեն ինչ: Ես ինչպե՞ս կարող եմ վճարել, քանի որ մի լումա իմ թոշակը չի ավելացրել: Եթե երկրում իրական, իսկական ընդդիմություն լիներ, հիմա մենք բոլորս այստեղ չէինք լինի: Եթե դուք չպայքարեք, ուրեմն նշանակում է մեր երկիրն այս անիրավները տանում են կործանման: Այսպես շարունակել այլեւս անհնար է: Սա խայտառակության կատարելագործված ձեւն է: Կորած ջունգլիներում այսպիսի խայտառակություն չկա»:
Օսիպյանն ի պատասխան միայն պապիկին հանգստացնում էր՝ <Մի՛ հուզվեք, մի՛ հուզվեք>:
Կարդացեք նաև
Հարցին՝, քանի որ այս մարդն իշխանություններին անվանում է անիրավ, դրա համար պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ՝ Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Դե հիմա մեծ մարդ է, ի՞նչ ասես, հուզված ա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ