Այսօր` հուլիսի 23-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր դպրոց-պարտեզում տեղի ունեցավ «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի բացումը, որով կազմակերպելու են խմբավարների վերապատրաստման մեկամյա դասընթացներ: Արդյունքում` մարզերից ժամանած 55 խմբավար ձեռք կբերի երեխաներին ռոբոտաշինություն դասավանդելու համապատասխան հմտություններ:
«Տարեցտարի ավելանում է ռոբոտաշինությամբ հետաքրքրվող և ռոբոտների մրցույթներին մասնակցել ցանկացող երեխաների թիվը, ովքեր, ի դեպ, բավական մեծ հաջողություններ են գրանցում մրցույթների ժամանակ»-նշում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ավելացնում, որ զարգացումներին ավելի մեծ ընթացք տալու նպատակով` միությունը նախագծել է ուսումնական խմբակի համար նախատեսված ռոբոտի կոմպլեկտ: Ներկայումս նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 50 դպրոցի կտրամադրվեն ուսումնական ռոբոտների համապատասխան կոմպլեկտներ»:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ասում է, որ ռոբոտաշինության զարգացումը մեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկն է: Իր ընկերությունը հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է այդ ոլորտի զարգացումը խթանող նախաձեռնություններին. «Դպրոցականին հատուկ ոգևորությունը, հետաքրքրությունը, նորը սովորելու և յուրացնելու աշակերտների ներքին պահանջը դպրոցը դարձնում են իդեալական միջավայր»: Վստահ է, որ սովորողներից շատերը կցանկանան մասնագիտանալ հենց ռոբոտաշինության ոլորտում:
Ծրագիրը համակարգվելու, ընդլայնելու և ունեցած փորձը բոլոր դպրոցներում կիրառելու նպատակով փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց բոլոր այն ընկերությունների հետ, որոնք համագործակցելու են ռոբոտաշինության ծրագրի հետ:
Կարդացեք նաև
Դպրոցական խմբակների դասընթացների մեկնարկն աշակերտների համար կտրվի 2013 թվականի սեպտեմբերին: Խմբակներում պարապմունքները կիրականացվեն միության կողմից նախագծված և դպրոցներին տրամադրված ուսումնական ռոբոտի կոմպլեկտներով:
Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ