Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարներ.«Մի քիչ էլ ձեր մեռելների գերեզմանները բարձրացրեք» (Տեսանյութ)

Հուլիս 23,2013 15:29
PrevPhoto
NextPhoto

Երեկվանից հայտարարվել էր, որ հասարակական տրանսպորտի վարորդները պետք է գործադուլ անեին եւ միանային այսօր Երեւանի քաղաքապետարանի մոտ կազմակերպված բողոքի ակցիային` ուղեվարձի թանկացման դեմ, սակայն այդպես էլ ոչ մի վարորդ չմիացավ ակցիային:

Ցուցարարները մեզ հետ զրույցում անընդհատ պնդում էին, որ ուր որ է կմիանան, խոստացել են, սակայն մոտ 2 ժամվա ընթացքում վարորդները չհայտնվեցին քաղաքապետարանի մոտ:

Թե ինչով կարող է պայմանավորված լինել վարորդների` ակցիային չներկայանալը Aravot.am-ի հարցին Երեւանի քաղաքապետարանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանն ասաց. «Ճնշել են, սեղմել են, հազար ու մի բան: Խեղճ մարդիկ, խեղճ եմ ասում, բայց իրենք խեղճ չեն:  Եթե իրենք ուզում էին էսքան տարի օրինական դաշտում աշխատել, իրենք կարող էին անել համապատասխան քայլեր, որպեսզի իրենց ստրուկի նման չբանեցնեին`18 ժամ չաշխատացնին: Իրենք կարող էին հասնել նրան, որ մեր տրանսպորտի վիճակն ու մեխանիզմներն ավելի նորմալ լինեին: Իրենք դա չեն արել, որովհետեւ իրենց ձեռնտու է: Մեր երկրում ամեն ինչ փոխադարձ ձեռնտու է` եւ կաշառք տալը, եւ վերցնելը: Դե, եթե ձեռնտու է, իրենք հայտնվել են այս վիճակում, ուրեմն պիտի պատժվեն, նրանք, ովքեր կմիանան այս շարժմանը, նրանք կշահեն, գոնե իրենք իրենց կկարեւորեն ու կասեն` ես քաղաքացի եմ, ունեմ իմ իրավունքները»:

Այսօր էլ, ինչպես երեկ քաղաքապետարանի շենքի հարակից տարածքում, քաղաքապետարանը նորից ոռոգման ցանցն էր միացրել, ջրի ճնշումն էլ այնքան ուժեղ էր, որ ամբողջ մայթերը առատ ջուր էր, եւ հանգիստ քայլել չէր լինում: Դա, սակայն, բողոքի ակցիայի մասնակիցներին իրենց պայքարից հետ չպահեց: Ակտիվիստները ոստիկաններից պահանջում էին թույլ տալ մոտենալ քաղաքապետարանի մուտքին, իրենց բերման ենթարկված ընկերների համար էլ ազատություն էին պահանջում:

Երիտասարդ ակտիվիստներին հաջողվեց ճեղքել ոստիկանների պատնեշը եւ մոտենալ մուտքին, որը եւս հսկում էր ոստիկանների հոծ բանակը: Ակտիվիստներից մեկը հսկող ոստիկաններին հորդորեց միանալ իրենց` «Ումի՞ց եք պաշտպանում: Դուք տրանսպորտ չեք նստո՞ւմ: Դուք գո՞հ եք ձեր կյանքից: Էլ տրանսպորտ չե՞ք նստում: Լա՞վ կլիներ՝ ձեր կնոջը վարորդը խփեր: Ո՞ւմ եք պաշտպանում, մի քանի հատ օլիգարխի եք պաշտպանում»:

 

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով էլ` «Միայն հո 50 դրա՞մը չէ, բավական է: Մենք միայն մեր փորի ու գրպանի մասին ենք մտածում, ժամանակն է, որ կանգ առնենք»:

Երիտասարդ գրող Դավիթ Մշեցին էլ վրդովված ասաց. «Ամբողջ երկիրը հայաթափում են պետական ծրագրով: Պարոն ոստիկաններ, որեւէ մեկը կարա՞ ասի` դա էդպես չէ: Ի՞նչ է նշանակում ուսանողի վարձը բարձրացնել: Էդքան բարձրացնում են՝ մի քիչ էլ թող իրենց մեռելների գերեզմանները բարձրացնեն»:

Ակցիայի մասնակիցները ծայրաստիճան զայրացած էին, որ իրենց ընկերներին ոստիկանները բերման են ենթարկել, որ քաղաքապետարանից ոչ ոք չհանդիպեց իրենց հետ, եւ որ ոչ մի պաշտոնյա չի արձագանքում բողոքի ակցիային:

Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ են խոչընդոտում խաղաղ ակցիան եւ ինչու են բերման ենթարկել մի քանի երիտասարդների ասաց, որ բողոքներ ունեն վարորդներից, մի քանի բնակիչներից, որոնց սահմանադրական իրավունքը ոտնահարվում է ցուցարարների կողմից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031