Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ծրագրով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակման շրջանակում Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի գլխավորությամբ Երևան այցելած պատվիրակությանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ Վանո Վարդանյանը նշել է, որ, չնայած երկու քաղաքների միջև բարեկամության համաձայնագիրը ստորագրվել է 2012 սեպտեմբերին, սակայն այս ժամանակահատվածում ծավալված արդյունավետ համագործակցության արդյունքում կյանքի են կոչվել մի շարք ծրագրեր: Քաղաքապետի գլխավոր խորհրդականը նաև հույս է հայտնել, որ առաջիկայում փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և համատեղ ծրագրերի նոր հնարավորություններ կստեղծվեն:
Սուրեն Թամրազյանն իր հերթին նախ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ համատեղ ծրագրերի իրականացման նկատմամբ ցուցաբերած մշտական ուշադրության համար:
Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ Երևանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ Ստեփանակերտում ներդրվել են մի շարք համակարգեր, որոնք էլ ավելի դյուրին ու արդյունավետ են դարձնում քաղաքային տնտեսության կառավարումը:
Կարդացեք նաև
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպմանը ներկայացնել և քննարկել համագործակցային նոր ծրագրերի շուրջ առաջարկություններ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն