Ո՞վ է մեղավոր` հիմար հրաման տվո՞ղը, թե՞ այն կատարողը. հարցնում է պատերազմի մասնակից Նորայր Շահբազյանը
Մոտ 10 տարի՝ 1989-1999թթ., հայկական զինված ուժերում, ապա կանոնավոր բանակում ծառայած բժիշկ-սպա Նորայր Անդրանիկի Շահբազյանը խաղաղ պայմաններում նախընտրում է ներկայանալ ոչ անցյալով, այլ ներկայով՝ պարզապես ՀՀ քաղաքացի: Նորայր Շահբազյանը Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկերն է, բայց ի տարբերություն Սեֆիլյանի՝ հրապարակային գործունեություն չի իրականացնում, չի մասնակցում ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծման պահանջ-կոչով բողոքի ակցիաներին: Չի մասնակցել նաեւ Ռուսաստանում կալանավորված եւ կնոջ խալաթով դատարան բերված բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանին չնվաստացնելու ակցիաներին:
«Հարությունյանի մեղքի աստիճանը թող դատարանը որոշի: Մենք ելնենք երկու փաստից. կա վթար եւ 18 մարդկային զոհ, եւ երկրորդ՝ Հրաչյա Հարությունյանը եղել է սթափ: Մեկ զոհն արդեն ողբերգություն է: Բայց մի կողմ թողնենք զգացմունքայնությունը: Տղամարդուն կնոջ խալաթով դատարան բերելը առաջին հերթին վիրավորական է հենց Ռուսաստանի ու ռուսաստանցիների համար: Չեմ կարծում, թե դրանով փորձում էին Հայաստանին ինչ-որ բան հասկացնել: Գազի թանկացումն արդեն բավական էր: Էն տղամարդը, որը մեկ այլ տղամարդու կնոջ խալաթ է տալիս, որ հագնի, տղամարդ չէ, այլ անբավարարված ամենուր՝ աշխարհաքաղաքական կյանքից մինչեւ սեփական տուն: Ռուսաստանը առաջինը պետք է շահագրգիռ լինի ու պատժի նման վարքագիծ դրսեւորածներին: Չի անի՝ իր խնդիրն է: Եթե Հրաչյա Հարությունյանի փոխարեն որեւէ ադրբեջանցի լիներ՝ չէի ուրախանա: Մեկ լրագրողի կամ ռեպորտաժի վրա հենվելով մեկնաբանություն չանենք: Հարցը «յան»-ը կամ «օղլի»-ն չէ: Հարցը մարդն է: Ռուսաստանը ցույց տվեց, որ թքած ունի ցանկացած մարդու վրա, իսկ ռուսական քաղաքակրթությունը մարդկային քաղաքակրթություն չի՝ նավթի, գազի քաղաքակրթություն է»,- մեզ հետ զրույցում ասաց Նորայր Շահբազյանը:
Հայտնի է, որ Հրաչյա Հարությունյանի գործով պետական մեղադրող է նշանակված ազգությամբ հայ դատախազ. «Որպես մարդ չեմ ճանաչում, ռեալ մեկնաբանություն չեմ կարող տալ, հնարավոր է, որ Ռուսաստանը խուսափում է պատասխանատվությունից: Մեր խնդիրն է ամեն ինչ անել, որ հետաքննությունն ու դատական պրոցեսը արդար լինեն, եւ Հրաչյա Հարությունյանի արժանապատվությունը չվիրավորվի: Բայց փաստ է, որ Հայաստանում հասարակական աղմուկ բարձրացավ, հետո նոր միայն դեսպանատան ներկայացուցիչները այցելեցին Հարությունյանին»:
Կարդացեք նաև
Հրաչյա Հարությունյանի դեպքից առաջ էլ շատերը նկատում էին, որ եթե Ռուսաստանը իր վերաբերմունքում մեզ հետ չհամաձայնեցրած փոփոխություններ է իրականացնում՝ գազի գնի թանկացում, Ադրբեջանին զենքի վաճառք եւ այլն, Հայաստանն էլ պետք է վերանայի ռուսական ռազմաբազաների տեղակայման պայմանները: Շահբազյանը առաջարկում է նախ որոշել մեր տեղը, ճշգրտությամբ ներկայացնել անցյալը եւ պատմությունը. «Օրինակ՝ 1603 թվականին, երբ աշխարհի բնակչությունը մեկ միլիարդ էլ չէր, պարսիկները Հայաստանից տեղահանել են 300 հազար հայ: Ահռելի թիվ: Շատ զոհեր են եղել: Տարածքի ժողովրդագրությունը փոխվեց, առաջացավ դատարկ տարածք, ինչ-որ քոչվորներ եկան ու բնակեցվեցին: 300 տարի հետո 300 հազարը կդառնար միլիոններ: Եթե չլիներ 1603 թվականը, 1915 թվականը լինելո՞ւ էր: Մեզ ո՞վ կարող էր կոտորել: Կամ երեկ՝ «օրհնվի էն սհաթը…» , այսօր անիծվի՞… Ռուսաստանի վերաբերմունքը մեր նկատմամբ երեկ էլ, այսօր էլ անփոփոխ է: Վաղն էլ նույնը կլինի, եթե մենք չփոխվենք, եթե մենք չպարտադրենք հարգել մեզ»:
Իսկ որ պատերազմի մասնակիցը չի մասնակցում պատերազմի մասնակիցների սոցիալական խնդիրների լուծման պահանջով ակցիաներին, Նորայր Շահբազյանը նկատեց. «Ընկել ենք մի արատավոր շրջանի մեջ ու տեղապտույտ ենք տալիս: Հարցերի լուծումը այդպես չէ: «Ի՞նչ է կոռուպցիան» հարցին ինչ պատասխան ասես՝ չկա: Մինչդեռ պարզ ճշմարտություն է՝ կոռուպցիան տնտեսության կառավարման բացակայությունն է: Տնտեսությունը կառավարվում է, բայց ոչ օրենքի դաշտում եւ օրենքներով: Մեզ մոտ ազատամարտիկների խնդիր չկա, մեզ մոտ համակարգային խնդիր է: Մի ժամանակ ասում էին՝ ժամանակն է գյուղացուն դեմքով շրջվել: Հարցնում եմ՝ բա մինչեւ էդ ինչո՞վ էիք կանգնած: Դու քո քաղաքացուն չես հարգում, քաղաքացու նկատմամբ արդար չես, ու չկա պատշաճ վերաբերմունք, ուրիշից ինչպե՞ս ես նման վերաբերմունք պահանջում: Հայաստանը շուտով դառնալու է «Գազպրոմի» մասնաճյուղ: Ինչո՞ւ հասանք այս օրին: Անընդհատ հիշում եմ «Փոքրիկ իշխանը»՝ ո՞վ է մեղավոր՝ հիմար հրաման տվո՞ղը, թե՞ այն կատարողը: Հրաման տվողը մեկն է, կատարողները՝ հարյուրներ: Սա խոսում է մեր որակի մասին: Մենք մեր երկիրը քանդում ենք, ուրիշի՞ն ենք մեղադրում: Ակցիաներին չեմ մասնակցում, քանի որ պայքարը պիտի լինի հանուն, այլ ոչ թե դեմ: Պիտի դանակը ոսկորին հասնի, որ իրար սիրե՞նք: Պիտի ստորացնեն, նվաստացնեն, որ նո՞ր սկսենք հարգել»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ