Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջնահերթ է համարում վերականգնել ներուժը

Հուլիս 23,2013 13:42

Ըստ «Ժառանգության» առաջնորդի՝ ապրիլի 9-ին չկար բավարար ներուժ՝ գործը մինչեւ վերջ տանելու համար

Երբ հուլիսի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հնչեցրեց իր կոչը՝ բոլոր քաղաքական ուժերին համազգային կլոր սեղանի շուրջ հավաքվելու եւ համազգային հեղափոխություն անելու, լրագրողները հերթական անգամ բարձրաձայնեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին մինչեւ վերջ չգնաց եւ տարիներ շարունակ իշխանափոխության համար կոչերով ժողովրդին համախմբած մյուս գործիչների պես գործի կեսից նրանց «տուն ուղարկեց», եղավ այն, ինչ եղավ 2004-ին, 2008-ին… «Առավոտի» հարցին՝ ինչո՞վ եք բացատրում այն, որ ապրիլի 9-ին իշխանափոխության կոչեր անող մարդկանցից շատերը նախընտրեցին տանը, համակարգչի առաջ նստած հետեւել իրադարձություններին եւ ոչ թե միանալ ձեզ փողոցում, իսկ վերջում էլ «ամեն ինչ չստացվելու» համար թիրախի փնտրտուքներ սկսել, արդյոք դա ինչ-որ մենթալիտետային խնդի՞ր է, չէ՞ որ, ասենք, Եգիպտոսում կամ այլուր մարդիկ դուրս են գալիս փողոց եւ հասնում են իրենց ուզածին, պարոն Հովհաննիսյանը ժպտալով դա բացատրեց մեր ժողովրդի «վերապրելու» խնդրով: Ըստ նրա՝ այդքան ցավ ու տառապանք տեսած ժողովուրդը չի շտապում դուրս գալ փողոց եւ քանդել ամեն ինչ, ուղղակի աչքերը փակում է այն բոլոր խնդիրների դեմ, որ ծառացել են իր առաջ, կամ ճամպրուկներն է հավաքում՝ պայքարելու փոխարեն…

Պարոն Հովհաննիսյանը կարծում է, որ կգա այն ժամանակը, երբ մարդիկ կհասկանան, որ էլ չեն կարող ասել՝ «գործ չունես, մի գնա, վտանգավոր է, համակարգչով նայիր… Կարծում եմ, որ  երբ այդ քաղաքացիական գործը նաեւ հրապարակային պահանջարկի վերածենք, փոփոխություն կլինի… Կարծում եմ, որ մեզ մոտ դա մի քիչ դանդաղ է գնում, մեզնից դուրս մեղավոր փնտրելու կանխավարկածը ուժեղ է դրված ոչ միայն քաղաքացիների մոտ, այլեւ քաղաքական ուժերի մոտ: Բայց  ամեն մեկը պիտի իր վրա աշխատի, փետրվարի 18-ից մինչեւ ապրիլի 9-ը բավական ճանապարհ անցանք միասին, ուղղակի ներուժը չկար այդ օրը  լուծելու համար… Հիմա հարցերի հարցն այն է, որ կարողանանք այդ ներուժը վերակառուցել եւ շարունակենք մինչեւ այն ավարտը, որը շատերն ուզեցին տեսնել միանգամից փետրվարի 18-ին…»:

Մեր հարցին՝ «սոցիալական խնդիրնե՞րը ավելի շուտ ժողովրդին ոտքի կհանեն, թե՞ ազգային, ասենք՝ պատերազմի վտանգը եւ այլն», պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Չգիտեմ… Պատմությունը ցույց է տալիս արցախյան շարժման օրինակով, որ ազգային հարցերն են միացնում, բայց արցախյան շարժումը բնապահպանական, սոցիալական, իրավական հարցերով սկսվեց… կարծում եմ՝ փոխկապակցում կա: Կարող է դրա հովհանի դառնալ ազգայինը՝ երկրի ամբողջականությունը, անկախությունը, բայց կարծում եմ, որ սոցիալականը, բնապահպանականը, քաղաքացիականը եւ իրավական երկիր չունենալու հրամայականը ուղղակի վտանգներ են, որ բերում են այդ ընդվզման»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031