Լրահոս
Օրվա լրահոսը

Good Luck, Mr. Gorsky…!

Հուլիս 23,2013 13:34

Սեքսը խթանում է մարդկության զարգացումը: Երբ 1969 թվականի հուլիսյան այս օրերին  ամերիկացի տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգն առաջին անգամ ոտք դրեց լուսնի վրա, նրա առաջին խոսքերն էին՝ «Փոքր քայլ մարդու համար, հսկայական թռիչք ողջ մարդկության համար»… Բայց սա պաշտոնական վարկածն է:

Իսկ ոչ պաշտոնական վարկածով Նեյլ Արմսթրոնգը լուսնի վրա է իջել միայն մի նպատակով՝ որ հարեւան միստր Գորսկին օրալ սեքս ունենա… Փոքր ժամանակ Նեյլը թաղի տղաների հետ բեյսբոլ էր խաղում, եւ գնդակը հայտնվել էր հարեւան Գորսկիների այգում: Նրանց ոչ ոք չէր սիրում, որովհետեւ անտաշ էին ու սկանդալիստ: Նեյլը տղաներից ամենահամարձակն էր, մտավ հարեւանների այգին ու երբ գողեգող անցնում էր պատուհանի տակով, լսեց, թե ինչպես է միստր Գորսկիի կինն ասում՝ «Ինչ օրալ սեքս, ավելի շուտ Արմսթրոնգների այդ դեբիլ երեխան ոտք կդնի լուսնի վրա, քան դու օրալ սեքս կստանաս»:

Ու ասում են, որ երբ Արմսթրոնգը ուղիղ 44 տարի առաջ ոտք դրեց լուսնի վրա, նա բարձրացրեց ձեռքը եւ արտասանեց՝ «Good Luck, Mr. Gorsky…!»: Այսինքն՝ ինձանից ինչ հասնում էր՝ արեցի, դե քեզ տեսնեմ, այ դեբիլ…

Այս պատմությունը այսպես կոչված urban legends շարքից է՝ մինչեւ վերջ պարզ չէ՝ արդյոք համապատասխանում է իրականությանը, թե ոչ, բայց այնքան սիրուն է, որ ուզում ես հավատալ:

Այդպիսի մի պատմություն էլ կա սեպտեմբերի 11-ի ողբերգության հետ կապված, էլի չգիտես ինչու սեքսին է վերաբերում… Նյույորքյան ահաբեկչության օրն առավոտյան «Մորգան Սթենլի» ընկերության աշխատողներից մեկը, ասենք, Ջոն Սմիթը կնոջը համբուրում է, ցտեսություն է ասում ու տանից դուրս գալիս: «Մորգան Սթենլին», երեւի գիտեք, գտնվում էր այն երկվորյակ երկնաքերներից մեկում, որոնք փլվեցին ահաբեկչության հետեւանքով: Բայց Ջոնը աշխատանքի չի գնում, այլ ուղեւորվում է սիրուհու մոտ… Բնականաբար, անջատում է բջջայինը, որ ոչ ոք չխանգարի, ու սկսում են զբաղվել նրանով, ինչով սովորաբար զբաղվում են սիրեկանները: Իսկ այդ ընթացքում տեղի է ունենում այն, ինչ բոլորս հազար անգամ տեսել ենք՝ ինքնաթիռները մխրճվում են երկու շենքերի մեջ, հրդեհ է բռնկում, մարդիկ դուրս են թռչում պատուհաններից, հետո էլ երկնաքերները փլուզվում են… Ողջ աշխարհն է հետեւում այս ամենին, բայց ոչ Ջոնը եւ նրա սիրուհին: Պատկերացրեք Ջոնի կնոջ վիճակը՝ կարծում է, թե ամուսինը գնացել է աշխատանքի, ու այն շենքը, որտեղ աշխատում է Ջոնը, կնոջ աչքի առջեւ փլուզվում է… Բնականաբար, անընդհատ զանգահարում է ամուսնուն, բայց հեռախոսն անջատված է: Վերջապես Ջոնն ու սիրուհին ավարտում են իրենց գործը, պատկերացում էլ չունենալով, թե ինչ է կատարվել: Ջոնը միացնում է հեռախոսը ու լսում կնոջ հիստերիկ ձայնը՝ «Որտեղ ես, ախր արդեն ինֆարկտ էի ստանում»: Ու Ջոնը անվրդով պատասխանում է՝ «Այ կնիկ, ինչպես թե որտեղ եմ… Իհարկե, աշխատանքի տեղում եմ…»:

Թե հետո ինչ է տեղի ունենում, համաձայնեք, այնքան էլ կարեւոր չէ… Պարզապես գեղեցիկ պատմություն է, ու այդ պատասխանը՝ «Իհարկե, աշխատանքի տեղում եմ», ինչպես ժողովուրդն է ասում՝ ՎԵՐՋՆ Է… Դրա համար էլ հենց դրանով էլ վերջացնենք: Վերջացնենք ամերիկյան լեգենդները: Անցնենք հայկականին:

Այո, մենք էլ ունենք մի հրաշալի ու անհավանական թվացող պատմություն, որը կապված է Ղարաբաղյան շարժման հետ…

Հիշում եք՝ 1988 թվականն էր… Բոլորս օպերայի մոտ: Բռունցքներս պարզած: Հանկարծ ինչ-որ մեկը բղավում է՝ «Նայեք, նայեք երկնքին»: Նայում ենք վերեւ ու նկատում հազիվ նշմարվող ինչ-որ լուսավոր օբյեկտներ: Կարծես թե շարժվում են: Ով գիտի ինչ է: Բայց քանի որ Ազատության հրապարակում կատարվողը աննախադեպ է՝ երբեք Խորհրդային Միությունում այսքան մարդ իշխանությունների կամքին հակառակ կամավոր չէր հավաքվել, հավատում ենք աննախադեպ բաների՝ որ այլմոլորակայիններն են հետաքրքվել մեր անսովոր շարժումով ու եկել են, որ լուծեն Ղարաբաղի հարցը:

Ծիծաղեք, ծիծաղեք… Իսկ այն ժամանակ նույնիսկ շարժման առաջնորդներից ոմանք հավատում էին, որ եթե Կրեմլը մեր հարցը չլուծի, գոնե այլմոլորակայինները կտեսնեն, որ մեր գործն արդար է ու մի բան կանեն: Ու այն ժամանակ գտնվեց մի մարդ՝ իսկական ավանտյուրիստ, որը համոզեց շարժման ակտիվիստներին, թե այլմոլորակայինները իր հետ կապվել են ու ասել, որ իհարկե, կօգնեն հայաստանցիներին, բայց իրենց թռչող ափսեները տեղ չունեն վայրէջք կատարելու՝ «Զվարթնոցում» չեն կարող, որովհետեւ խորհրդային իշխանություններն են վերահսկում օդակայանը… Այ եթե Երեանի մոտակայքում մեզ համար վայրէջքի վայր պատրաստեք, կգանք ու կօգնենք ձեզ:

Ու պատկերացրեք, որ շարժման որոշ ակտիվստներ, այդ թվում՝ մի մարդ, որը ՇԱՏ ՀԱՅՏՆԻ Է, բայց որի անունը չեմ ասի, հավատացին… Ավանտյուրիստը տարավ նրանց իր հողամասը եւ ասաց՝ «Այլմոլորակայիններն ասել են, որ հենց այստեղ վայրէջքի վայր նախապատրաստենք»… Ու սկսեցին հողային աշխատանքները, հետո բետոն բերեցին փռեցին: Մի խոսքով, հիմքը պատրաստ էր, բայց այլմոլորակայինները չէին գալիս: Ու շարժման ակտիվիստները սկսեցին կասկածել: Մի օր էլ շատ հայտնի մարդը, որի անունը չեմ ասի, կանչեց ավանտյուրիստին ու հաշիվ պահանջեց, թե այս ինչ բերեցիր մեր գլխին, մեզ հայտնի ընտանի կենդանու տեղ ես դրե՞լ…

Ավանտյուրիստն էլ անկեղծորեն խոստովանեց՝ «Հա, մեղավոր եմ, ինչ ուզում եք արեք, բայց պարզապես ուզում էի հողամասումս ճագարաբուծարան սարքել, ու այդ բետոնե հիմքը շատ էր պետք»…

Չսպանեցին, նույնիսկ չծեծեցին… Երեւի պարզապես մտածեցին՝ այս ավանտյուրիստը չի մեղավոր, մեղավորը մենք ենք, որ այդքան…

Համաձայնեք, ինչ որ ընդհանուր բան կա ամերիկյան ու հայաստանյան լեգենդների մեջ…. Միգուցե սեքսը… Ինչպես թե՝ հայկականի մեջ սեքս չկա, բա ՃԱԳԱՐաբուծարանը… Ու բոլոր այս պատմություններն էլ սիրուն են…Բայց ես մերինի ճշմարտացիությանը ավելի շատ եմ հավատում: Ոչ միայն այն պատճառով, որ գրող եւ հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանն է ժամանակին հանրության սեփականությունը դարձրել այս գեղեցիկ պատմությունը:

Պարզապես ախր շատ է նման մեր այսօրվա իրական կյանքին: Ինչ-որ մարդիկ ճագարաբուծարաններ են սարքում, շարունակ հորդորելով մեզ հավատալ… Հավատանք, որ փոխենք… Տեսնում ենք ախր, որ ոչինչ էլ չի փոխվում, բայց այն շատ հայտնի մարդու նման, որի անունը չեմ ուզում ասել, շարունակում ենք հավատալ… Իսկ նրանք այդ մեր հավատալու հաշվին կառուցում են իրենց շքեղ ճագարաբուծարանները, 200 հազար դոլարանոց «Բենթլի» են քշում, իսկ մեզ ասում են՝ հավատացեք…

Ու մենք էլ իրենց չենք ծեծում, երեւի մխիթարվելով՝ այնուամենայնիվ գեղեցիկ լեգենդի մասնակից ենք…

Հավատանք նաեւ, որ Նեյլ Արմսթրոնգի շնորհիվ միստր Գորսկին էլ ի վերջո հասավ իր նպատակին: Ճիշտն ասած, կրկին հիշեցի ամերիկյան լուսնային այդ պատմությունը ու մտածեցի՝ ախր իրականում ոչ թե սեքսն է խթանում մարդկության զարգացումը, այլ սեքսի բացակայությունը… Լավ, չխորանանք, պարզապես եկեք միասին մաղթենք՝ «Good Luck, Mr. Gorsky…!»:

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031