Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներքնահարկից դուրս եկած թանգարան

Հուլիս 23,2013 13:31

9Բայց առայժմ աշակերտական նստարաններով

Կապանի Երկրագիտական թանգարանը բացվել է 1969-ի հոկտեմբերին: Այն նախկինում տեղակայված է եղել  ներքնահարկում,  ինչի պատճառով բազմաթիվ նյութեր են վնասվել, այդ թվում՝  գորգեր, փայտե նյութեր: «Առավոտի» հետ զրույցում Երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը նշեց, որ ունեն շարքից դուրս եկած նյութերի ցուցակներ: Այժմ, թանգարանը բարվոք պայմաններով տարածքում է, բակ ունի, նյութերը պահպանության եւ քիմիական մշակման ենթարկելու հնարավորություն: Թանգարանը զբաղեցնում է շենքի երկու հարկ եւ կողքի օժանդակ կառույցը: «Հարուստ կերամիկա ունենք, բրոնզեդարյան հրաշալի մշակույթ,  ինչը ցավոք չի ցուցադրվում՝ ուղղակի ցուցափեղկեր չկան»,- ասում է մեր զրուցակիցը:

Ի դեպ, ինքնատիպ ցուցանմուշները ցուցադրվում  են աշակերտական նստարանների վրա:

Անցյալ տարի, երբ ՀՀ նախագահը այցելել է Երկրագիտական թանգարան, տնօրենը  հայտնել է այդ խնդրի մասին, ու այժմ կառավարությունը  7 մլն դրամ է հատկացրել:  «Կարծում եմ, դա իրականություն կդառնա,  հավանաբար  սեպտեմբերին գումարը կտրամադրվի մեզ, եւ այդ միջոցները կօգտագործվեն նախեւառաջ երկրորդ հարկում մեր հնագիտական սրահը բացելու  ու մեր հատկապես բրոնզեդարյան եզակի մշակույթը ներկայացնելու համար»,- հույս ունի տնօրենը:

Նրա խոսքով, Երկրագիտական թանգարանի ցուցանմուշները պատիվ կբերեն աշխարհի ցանկացած թանգարանի, ինչ վերաբերում է Կապանի երկրագիտականին, այն  անվանի այցելուների պակաս երբեք չի ունեցել (տարբեր երկրների դեսպաններ, հանրաճանաչ հասարակական-քաղաքական գործիչներ, գիտնականներ): Այստեղ ուսումնասիրություններ են անցկացրել  Վարազդատ Հարությունյանը, Պավել Ավետիսյանը, Արտակ Գնունին, Գրիգոր Գրիգորյանը եւ ուրիշներ:

Թանգարանը նաեւ գիտաժողովների անցկացման վայր է. բառացիորեն վերջերս Կապանի Երկրագիտական թանգարանում կայացել է  «1920-30-ական թթ. քաղաքական բռնությունները Խորհրդային Հայաստանում» թեմայով գիտաժողով, որին Երեւանից մասնակցել  են Լեւոն Աբրահամյանը, Հրանուշ Խառատյանը, Գայանե Շագոյանը, իսկ Կապանից՝  տեղացի ուսուցիչներ, մշակույթի աշխատողներ, գիտաշխատողներ:

Պարոն Սմբատյանը նշեց, որ 2014-ին մտադիր են ունենալ յուրահատուկ ցուցադրություն՝  «Սյունիք-Վայոց ձորը Առաջին  համաշխարհային պատերազմում» խորագրով եւ արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքներ. «Նախ պատերազմի հարյուրամյակն է լրանում, երկրորդ՝ ուզում ենք  ներկայացնել պատերազմի չարիքը… Հայաստանի ազգային արխիվից վերցրել ենք համաշխարհային պատերազմում զոհված եւ վիրավորված սյունեցիների ցուցակը: Երկու ամիս առաջ էլ մեր աշխատակից Դավիթ Հակոբյանը կապանցիներից մեկի տանը գտել է 1906 թ օրագիր, որը ներկայացնում է հայ-թաթարական բախումների կապանյան պատմնությունը»:

Թանգարանում մեր ուշադրությունը գրավեց մի ռոյալ: Վերջինի մասին Գրիշա Սմբատյանը պատմեց հետեւյալը. «1945 թվականին, երբ խորհրդային բանակը մտավ Բեռլին, ըստ որոշ աղբյուրների, զինվորները այս ռոյալը դրել են վագոնի մեջ ու գնացքով հասցրել Կապան: Այն մի ժամանակ Կապանի մշակույթի պալատում էր: Ասում են՝  Արամ Խաչատրյանը 6 ամիս նվագել է այս դաշնամուրի վրա, երբ 50-ականների վերջին Կապանի գյուղերում է եղել»:

Խոսելով Կապան բերված առաջին դաշնամուրի մասին էլ, մեր զրուցակիցը հավելեց, որ  այն 1904 թվականին Գերմանիայից Ֆրայբերգ  քաղաքի Լեռնային ակադեմիայի ուսանող Սմբատ Մելիք-Ստեփանյանը Կապան է բերել իր քրոջ՝ Վարսենիկի համար:  Սմբատ Մելիք-Ստեփանյանը, որ Կապանի ազգային խորհրդի նախագահն էր, ճանաչված մտավորական, հասարակական քաղաքական ապակուսակցական  գործիչ, բարեգործ, հայ-թաթարական բախումների շրջանում ղեկավարել  է կապանցիների ազգային ազատագրական  պայքարը եւ ուղղորդել հայդուկներին: Երկրագիտական թանգարանի տնօրենը նրա քրոջը՝  Վարսենիկին էլ որակեց որպես Հայաստանի մայր Թերեզա. «Նա տեղափոխվել էր  Պետերբուրգ, սովորում էր տեղի համալսարանում ու Նիկողայոս Ադոնցի ասպիրանտն էր: Երբ լսեց, որ Էջմիածնի պատերի տակ գաղթականներ կան, ամեն ինչ թողեց-եկավ Հայաստան, տիֆով վարակվեց, ունեցվածքը կտակեց որբերին, ինքն  էլ մահացավ: Այժմ թաղված է Առաջաձոր գյուղում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031