Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ունենք Միրզոյանի տիկնոջ համաձայնությունը»

Հուլիս 23,2013 13:27

Կոմպոզիտորի անունը կրող նորաստեղծ քառյակի առաջին ջութակահարի դիտարկումները

Միշտ չէ, որ արդար ենք գտնվում ազգային արժեքների գնահատման եւ նշանավոր  արվեստագետների արժեւորման գործում: Օրինակ, ինչո՞ւ  Հայաստանի կամերային նվագախումբը չանվանակոչել անվանի ջութակահար ու մանկավարժ Զարեհ Սահակյանցի անունով, ով 1966թ. հիմնադրել է այն: Հայաստանում գործում են միայն երաժշտարվեստի երկու մեծերի անունը կրող կոլեկտիվներ՝ Կոմիտասի անվան լարային քառյակը, Խաչատրյանի անվան տրիոն ու կվարտետը: Թեկուզեւ ուշացումով, արդյո՞ք անհրաժեշտություն չէ ստեղծել  Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, ԱլեքսանդրՀարությունյանի անունները հավերժացնող կոլեկտիվներ:  Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը անցկացրել են «Սարյան ֆեստ» ու «Բաբաջանյան ֆեստ» եւ այլ փառատոներ:

Գարնանը ստեղծվեց Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը: Առաջին ջութակահարն է Արամ Ասատրյանը, երկրորդը՝ Սոնա Ազարյանը, ալտահարը՝ Արմեն Թորոսյանը, թավջութակահարը՝ Վահան Գրիգորյանը: Քառյակն ընդամենը երկու համերգով է հանդես եկել, առաջինը կոլեկտիվի ստեղծման շնորհանդեսի օրը, երկրորդը՝ բարեգործական-ուսուցողական  հանդիպում էր մանկատներից մեկում:

«Առավոտի» հետ զրույցում առաջին ջութակահար Արամ Ասատրյանն ասաց, որ համերգի ժամանակ ներկայացրել են Շոստակովիչի 8-րդ եւ Միրզոյանի կվարտետները, հավելելով, որ դասական ավանդույթներին Միրզոյանի հավատարմության ֆոնի վրա հատկապես տպավորիչ ու ազդեցիկ է կոմպոզիտորի ստեղծագործությունների նորարարարական հզոր շունչը: Ջութակահարը շեշտեց, որ Միրզոյանի լարային կվարտետը ժամանակին բեկումնային նշանակություն ունեցավ ազգային կամերային- գիրծիքային երաժշտության համար:

Մեր զրուցակիցը, հիշելով իրենց հանդիպումները կոմպոզիտորի հետ, նշեց հատկապես նրա  մարդկային որակների մասին. «Միրզոյանը անասելի բարի էր, իր ստեղծագործությունների կատարումներից հետո, մանավարդ երբ մեկնաբանում էին երիտասարդ երաժիշտները, մշտապես հնչեցնում էր քաջալերման խոսքեր: Ընդհանրապես նա լավատես մարդ էր»:

Ինչ վերաբերում է քառյակը Միրզոյանի անվամբ կոչելուն, Արամ Ասատրյանը հայտնեց, որ ստացել են կոմպոզիտորի տիկնոջ՝ Ելենա Միրզոյանի գրավոր համաձայնությունը:

Խոսելով մեզանում կամերային երաժշտության խթանման ու հատկապես մեր կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածման մասին, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ, արեւմուտքի օրինակով, վերջին շրջանում Հայաստանի մշակութային կյանքում առաջընթաց է նկատվում: Նա օրինակ բերեց հաճախ անցկացվող կամերային երաժշտության երեկոները՝ տեղացի երաժիշտների ուժերով տարբեր կամերային անսամբլների կազմով եւ արտերկրից  ժամանած կամերային կոլեկտիվների համերգները: Նշեց, որ Բեթհովենը կյանքի վերջին  տարիներին իրեն նվիրել էր հենց «կվարտետային» երաժշտությանը. «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ուր կամերային ամբիոնի դասախոս եմ, հաճախ կազմակերպվում են կամերային երաժշտության համերգներ, փառատոներ, այս տարի էլ անցկացվեց ջութակահար,  անվանի մանկավարժ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարեն Կոստանյանի անվան կամերային անսամբլների երկրորդ մրցույթը»: Հետաքրքրությանը՝ քառյակը ունի՞ հովանավոր, առաջիկա ամիսներին, բացի Հայաստանից, հանդես կգա՞  արտերկրում եւ աշխատանք տարվո՞ւմ է քառյակը դրսում ճանաչելի դարձնեու համար, ջութակահարը պատասխանեց. «Հովանավոր ունենալը խնդիր  է եւ նախագծերի իրագործման գրավական: Ֆեյսբուքում էջ ունենք, Եվրոպայում ու Ամերիկայում՝ ընկերներ, որոնց հետ կարող ենք բանակցել հյուրախաղերի կազմակերպման ուղղությամբ: Ի վերջո, այսօր աշխարհում դասական երաժշտության տարածումը իրականանում է մեծ մասամբ անձնական կապերի շնորհիվ: Նաեւ չմոռանանք, որ Էդվարդ Միրզոյան անունը բրենդ է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031