Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարադատության հայկական տարբերակը

Հուլիս 23,2013 13:23

Դպրոցի կոլեկտիվը դիմել է ՀՀ նախագահին եւ Արդարադատության խորհուրդ

Վերջին 5 տարիների ընթացքում Վանաձորի թիվ 8 դպրոցի ողջ կոլեկտիվը փորձում է ապացուցել, որ դպրոցը դարձել է կազմակերպված մեծ խաբեության, խարդախության զոհ: Սակայն բոլոր ջանքերը արդարադատության ճանապարհով ապացուցելու մեր ճիշտ լինելը ոչ միայն ապարդյուն եղան առ այսօր, այլեւ մեր առջեւ ծառացած հիմնախնդիրը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ավելի խճճվեց,բարդացավ եւ հանգեցրեց դպրոցի նյութական հսկայական վնասների:Ուստի մենք ստիպված օրերս դիմեցինք ՀՀ արդարադատության խորհրդին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արշակ Ալավերդյանին եւ Նաիրա Ավետիսյանին՝ օրենքի բազմաթիվ խախտումներ կատարելու, ակնհայտ անարդար վճիռներ կայացնելու, դպրոցին սնանկացնելու, 250 աշակերտին փաստացի առանց դասագրքերի գումարների թողնելու, դրանով իսկ նրանց կրթություն ստանալու հիմնարար իրավունքը խախտելու, դպրոցի վրա անօրինական ձեւով, անորոշ ժամկետով պարտքի գումարի հաշվիչ միացնելու համար:   Վերոհիշյալ դատավորների կողմից կատարված խախտումները հիմնավորելու համար ստորեւ ներկայացնում ենք իրավական վեճի կարեւոր մանրամասները, որով էլ պայմանավորված են այդ խախտումները: 2004 թ.սեպտեմբերի 1-ին հաստիքների եւ աշխատողների թվի կրճատման պատճառով աշխատանքից ազատվել է Սուսաննա Արամայիսի Սարգսյանը, որն աշխատել է Վանաձորի թիվ 8 դպրոցում որպես ինֆորմատիկայի ուսուցիչ /4 դասաժամ/ եւ համակարգչային օպերատոր /0,5 դրույք/: Նա դիմել է դատարան եւ դատարանի վճռի հիման վրա վերականգնվել աշխատանքում:Սակայն, 25.02.2005 թ. թիվ 2 հրամանով աշխատանքում վերականգնվելու եւ այդ մասին պատշաճ կերպով ծանուցվելու պայմաններում, 22 օր չի ներկայացել աշխատանքի եւ 2005 թ. մարտի 24-ին թիվ 6 հրամանով ազատվել է աշխատանքից նախկինում գործող ՀՀ ԱՕ 36 հոդվ. 4-րդ կետի համաձայն՝ որպես գործալիք:   17.04.2005 թ. Սուսաննա Սարգսյանը նորից է դիմել դատարան նախկին աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի գումարի պահանջներով:Գործը վարույթ է ընդունել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանը, որը պարզ աշխատանքային իրավական վեճի վերաբերյալ դատական գործը արհեստականորեն մասնատել է երկու առանձին  վարույթների՝աշխատանքում վերականգնման եւ գումարի բռնագանձման, եւ գործերից յուրաքանչյուրը քննել է ՀՀ Քաղ.դատ. օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված երկամսյա ժամկետի խախտումներով: Այն է.

Աշխատանքում վերականգնման 2/155 գործով քնությունն իրականացրել եւ վճիռը կայացրել է 26.04.2006թ.՝Սուսաննա Սարգսյանի կողմից դատարան դիմելուց հետո մեկ տարի անց, իսկ գումարի բռնագանձման գործը քննել եւ վճիռը կայացրել է հայցվորի կողմից դատարան դիմելուց հետո 2 տարի 4 ամիս անց՝ 17.08.2007թ,՝ խախտելով ՀՀ Քաղ.դատ.օր-ի 111-րդ հոդվածի պահանջը: Գումարի բռնագանձման վարույթը դատավորի կողմից արհեստականորեն ձգձգվել է շուրջ 2,5 տարի՝գումար աճեցնելու միտումով: Առանց Սուսաննա Սարգսյանին աշխատանքում վերականգնելու, քանի որ 26.04.2006 թ. վճռով դատարանը չի վերացրել նրա որպես գործալիք աշխատանքից ազատման հրամանը,17.08.2007 թ. դատավոր Արշակ Ալավերդյանը քննել է հօգուտ Սուսաննա Սարգսյանի գումարի բռնագանձման գործը եւ դրանով կատարել օրենքի հերթական կոպիտ խախտումը:Աշխատանքում վերականգնման վճռում դատավոր Արշակ Ալավերդյանը հաստատված է համարել, որ Սուսաննա Սարգսյանի աշխատավարձը դպրոցում կազմել է 27 048 դրամ, սակայն գումարի բռնագանձման գործը քննելիս դատավորը առանց իրավական հիմքերի, առանց հիմնավորող փաստաթղթերի գումարի հաշվարկները հօգուտ Սուսաննա Սարգսյանի կատարել է նոր, բարձր աշխատավարձի չափով, որի հաշվարկները ներկայացրել է ոչ թե դպրոցը, այլ հենց Սուսաննա Սարգսյանը: Վերջինս էլ խաբել է դատարանին, տալով սուտ ցուցմունք դպրոցում ունեցած իր դրույքաչափի եւ աշխատավարձի չափի վերաբերյալ, իսկ դատավոր Արշակ Ալավերդյանն այդ սուտ ցուցմունքը ընդունել է եւ բավարարել նրա պահանջը: Դատավոր Արշակ Ալավերդյանի օրենքի հերթական խախտումը կայանում է նրանում, որ նա հաշվի չի առել այն հանգամանքը, որ Սուսաննա Սարգսյանը 2007 թ.մարտի 19-ից առ այսօր աշխատում է Կրթության ազգային ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում  եւ ստանում աշխատավարձ, որը մոտ երեք անգամ գերազանցում է նրա դպրոցում ունեցած աշխատավարձը: Դատավորը իրավունք չուներ սահմանել աշխատավարձ մի անձի, որը փաստացի վերականգնված չէ նախկին աշխատանքում եւ փաստացի ավելի բարձր աշխատավարձով աշխատում է մեկ այլ պետական հիմնարկում: Դրանով դատավոր Արշակ Ալավերդյանը խախտել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 265 հոդվածի պահանջը: Պետությանը կողոպտելու հաջողված առաջին փորձը հանգեցրեց երկրորդ փորձին. 2012թ. մարտին Սուսաննա Սարգսյանը նոր հայցապահանջ ներկայացրեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, այս անգամ պահանջելով վերջին 5 տարիների՝ 2007-2012 թթ. չստացած աշխատավարձը՝ համապատասխան տոկոսներով եւ 2012 թ. մարտի 1-ից սկսած ամեն հաջորդ ամիս եւս 60 189 դրամ աշխատավարձ՝ համապատասխան տոկոսներով:        Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը, դրսեւորելով կորպորատիվ համերաշխություն դատավոր Արշակ Ալավերդյանի վճիռներին, շարունակեց նրա կողմից սկիզբ դրած խախտումները եւ Սուսաննա Սարգսյանին պետական միջոցների հաշվին ճոխ «նվիրատվություններ» կատարեց. 2013 թ. հունիս ամսվա դրությամբ մոր 8 000 000 դրամ չստացած աշխատավարձ՝ համապատասխան տոկոսներով: Դատավոր Նաիրա Ավետիսյանը, ինչպես Արշակ Ալավերդյանը, խախտել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 139-րդ եւ 265-րդ հոդվածների պահանջները: Նա վճռել է տալ 5 տարվա չստացած աշխատավարձ մի անձի, որը այդ 5 տարիների ընթացքում երեք անգամ ավելի բարձր աշխատավարձով փաստացի աշխատել եւ առ այսօր աշխատում է Կրթության ազգային ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: Նշված հիմքով դատավորը պարտավոր էր հայցապահանջը մերժել: Մինչդեռ դատավոր Նաիրա Ավետիսյանը ոչ միայն պետական միջոցների հաշվին միանվագ ճոխ «նվիրատվություն» է արել հանցագործություն կատարած անձին, այլեւ հաշվիչ է միացրել դպրոցի վրա՝ վճռելով 2012 թ. մարտի 1-ից  յուրաքանչյուր հաջորդ ամիս /անորոշ ժամկետով / հօգուտ Սուսաննա Սարգսյանի բռնագանձել 60 189 դրամ աշխատավարձ՝ համապատասխան տոկոսներով: Դատավորի կողմից դպրոցի վրա հաշվիչ միացնելու հետեւանքով դպրոցը, բացի սահմանված մնացած գումարներից,  2013 թ. հուլիսի դրությամբ արդեն իսկ կորցրել է 1 117 107 դրամ: Սա է այսօր արդարադատության հայկական տարբերակը:

Վանաձորի թիվ 8 դպրոցի աշխատակիցներ

(27 ստորագրություն)

Հ.Գ. Նամակն ուղարկվել է  ՀՀ նախագահին եւ ՀՀ արդարադատոթւյան խորհուրդ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարդան says:

    «Դատավորը իրավունք չուներ սահմանել աշխատավարձ մի անձի, որը փաստացի վերականգնված չէ նախկին աշխատանքում եւ փաստացի ավելի բարձր աշխատավարձով աշխատում է մեկ այլ պետական հիմնարկում:» Ո՞րտեղ է գրված, ո՞ր օրենքի, ո՞ր հոդվածով…

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

  2. Կարինե says:

    2. ակնհայտ խճճած պատմություն է, հետաքրքիր է, թե նամակագիրն ինչու բողոք չի բերել վերաքննիչ և վճռաբեկ դատարաններին…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031