Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի «ռիվոկները», իշխանության անբարո կեցվածքը՝ որպես տրանսպորտի թանկացման պատճառ (Տեսանյութ)

Հուլիս 23,2013 12:19

«Տրանսպորտի գներն ու դրանց աճը փոքր հետևանքներն են այս ամենի մեջ: ՀՀ-ն վերջին տարիներին իր անկախության և անվտանգության բոլոր բանալիները հանձնել է ՌԴ-ին և հիմա զարմանում ենք, թե ինչու է այդ բանալիներն օգտագործում այնպես, ինչպես ուզում է: Մենք հիմա քաղում ենք պրոռուսական քաղաքականության հետևանքները, և իհարկե, պատժվում ենք: Այն, ինչ տեղի է ունենում այսօր ՀՀ-ում առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանին»,-այսօր ՄԱԱ-ում լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով երթուղային տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդիրների մասին, այսպես արտահայտվեց ԵՊՀ կիրական ասոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:

«Բարև երևան» դաշինքի անդամ Արթուր Գասպարյանը նշեց. «Կոռուպցիան պաշտոնական դիրքի չարաշահում է, որ ուղևորային գծերը սեփականաշնորհել են, իրենք իրենց հետ պայմանագրեր են կնքել և հիմա իրենք իրենց էլ դիմում են, թե խնդրում եմ ուղեվարձը թանկացրեք: Այս կոռուպցիան խորը արմատներ ունի, այն միջպետական կոռուպցիա է, ոչ թե գալիս է քաղաքապետարանից: Այն, որ իշխանությունը ընտրվում է ոչ լեգիտիմ, հետո գործարաններ է նվիրվատվություններ անում Ռուսաստանին: Հիմա էլ նվիրելու բան չկա, պիտի գազի գինը թանկացնեն»:

Ըստ Ա. Գասպարյանի՝ ՀՀ-ում սոցիալիզմից փորձեցինք անկախություն հռչակել և «ռիվոկ անել» իբր կապիտալիզմ, բայց թելը կտրվեց՝ ընկանք միջնադարյան ճորտատիրական հասարակարգ»:

Պարոն Գասպարյանը ՌԴ-ում աշխատանքի մեկնած հայ քաղաքացիների մասին ասաց. «Գնում են ՌԴ ստրկատիրական պայմանագիր են կնքում, այնտեղ աշխատում և այդ միջոցով վաստակած գումարը բերում հասցնում են Հայաստան, տալիս այս բոռերին, որոնք էլ մեզ, այսպես կոչված, ղեկավարում են»:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը առաջարկեց. «Վարորդներին մեր կողմը պիտի քաշենք, անհնազանդությունը տվյալ պարագայում ճիշտ է: Այն, որ մեզ դարձնում են հետամնաց գավառական մի տարածք, պիտի հասկանանք, որ դա է, որ արվում է դրսից ու ներսից: Բնակչությունը բռնի ձևով արտահանվում է ու ստեղծվում է որտեղ հաց, այնտեղ կաց տխմար կերպարը հայի»: Նա նշեց, որ եթե նստելու լինի տրանսպորտ, ապա վճարելու է 100 դրամ:

Տրանսպորտի թանկացումը Լ. Ալավերդյանը անհիմն է համարում ու հավելում. «Դա իշխանության անբարո կեցվածքի ուղղակի ցուցադրումն է, ինչ կուզեմ կանեմ, և նա վարժեցնում է հասարակությանը դրան՝ լինի դա Վահե Ավետյանի սպանությունը, որ մնալու է իշխանության ճակատին խարան, լինի Սուրեն Խաչատրյանի հետ կապված միջադեպը, թե Կոստանյանի հայտարարությունը»: Նա այս հարցում հստակ քաղաքականություն է տեսնում. «Ամեն ինչ անում են, որ իշխանության զավակները սովորեն Քեմբրիջներում, իսկ շրջանում ապրող հայ երիտասարդը չկարողանա գալ Երևանում սովորել»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նկատում է, որ ՀՀ-ում շատ հաճախ իշխանությունը սադրում է հասարակությանը:  Նա շարունակեց. «Եթե որևէ մեկը կարծում է, որ Տարոն Մարգարյանն առանց Սերժ Սարգսյանի կարող էր 150 դրամ դարձնել, ուրեմն այս երկրում ես չեմ ապրում: Ի՞նչ կապ ունի ՌԴ-ն կամ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը, երբ «Երևան հիմնադրամը» հինգ հարյուր միլիոն դրամ փոխանցել է Լևոն Սարգսյանի հիմնադրամին: Իսկ «Երևան հիմնադրամը» ստեղծվել է Երևանի ծախսերը հոգալու համար նաև, ինչ է՝ Պուտինն է՞ ասել, թե փոխանցեք, կամ կանգառները, որոնցից տարբեր հաշվարկների համաձայն՝ ամսական երկու միլիոն դրամ շահույթ են ստանում, նայեք, թե այդ ՍՊԸ-ի տերերն ովքեր են: ՀՀ-ում գնում է թալան և այդ թալանի պատասխանատուները հայրենասիրության քողի ներքո անում են ամեն ինչ, որ նստեն ինքնաթիռ ու փախչեն: Ամեն ինչ քցվել է գծատերերի ուղղությամբ՝ առանց հիշելու, որ նրանք են առաջինը Սերժ Սարգսյանի ընտրությունը ապահովել, ու հիմա նա նրանց հիմա չի էլ կարողանում ասել, թե գին մի բարձրացրեք»:

Որպես լուծման ճանապարհ՝ պարոն Կարապետյանը համարում է այն, որ ավագանին, կառավարությունը պիտի արտահերթ նիստ հրավիրեն, և կառավարությունն ասի, որն է այս թանկացումների տրամաբանությունը և իրավապահներին պիտի դիմեն, որ տեսնեն, թե Երևանի քաղաքապետարանի բյուջետային և արտաբյուջետային միջոցներն ինչքանով են էֆեկտիվ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031