Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվությունը նվազում է

Հուլիս 23,2013 12:02

Վիճակագրական ծառայության տվյալներով, տնտեսական ակտիվությունը Հայաստանում նվազում է (առաջին կիսամյակում՝ ընդամենը 4,4 տոկոս)։ Այն դեպքում, երբ տարեսկզբի առաջին երեք ամիսներին հասել էր 8,7 տոկոսի։
Տարեսկզբի չորս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմեց 7,4, հինգ ամիսներին՝ 5,3, իսկ կիսամյակում՝ 4,4 տոկոս։ Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը խնդիր ունի ապահովել բյուջեով նախատեսված 6,2 տոկոս տնտեսական աճը։
Սպասվում է, որ առաջիկայում տնտեսական աճին նպաստող պայմանները վատանալու են՝ կապված էներգակիրների եւ բազմաթիվ այլ ապրանքների թանկացումների հետ։ Այդ երեւույթն արդեն առկա է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Սակայն այն որպես այդպիսին տնտեսական ցուցանիշների վրա կարտահայտվի մի փոքր ավելի ուշ։ Դա կդրսեւորվի ինչպես արտադրության, այնպես էլ իրացման ցավալների կրճատման տեսքով։
Արտադրանքի ինքնարժեքի աճը թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում բացասաբար կազդի նաեւ արտադրության մրցունակության վրա։
Պատահական չէ, որ միջազգային կազմակերպությունները սկսել են վերապահումով մոտենալ Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներին։ Մասնավորապես անցած շաբաթ նման դիտարկում արեց Եվրոբանկի նախագահը՝ հայտարարելով, որ եթե Հայաստանում տարեվերջին արձանագրվի 2,5-3 տոկոս տնտեսական աճ, ապա դա պետք է գովելի ցուցանիշ համարել։
Նշենք, որ առանց էներգակիրների թանկացման ազդեցությունը հաշվի առնելու Եվրոբանկը Հայաստանում կանխատեսում էր 5 տոկոսանոց աճ։ Այլ կերպ ասած, միայն այս գործոնի բացասական ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա գնահատվում է առնվազն 2 տոկոս, ինչը լուրջ մարտահարվեր է տնտեսության համար։
Թե իրականում էներգակիրների թանկացման հետեւանքներն ինչպիսին կլինեն տնտեսական գործընթացների վրա, առաջիկայում պարզ կդառնա։ Թեեւ առանց այդ էլ վիճակը բարվոք չէր։ Եվ ոչ միայն տնտեսական հատվածում։
Կյանքի որակը Հայաստանում գնալով վատանում է, ապրանքները եւ ծառայությունները թանկանում են, իսկ աշխատավարձերի կամ կենսաթոշակների բարձրացում ամենեւին էլ չի ակնկալվում։ Առնվազն այս տարի։ Գնաճն զգալիորեն առաջ է անցել աշխատավարձերի աճից։
Այսպես. վիճակագրական ծառայության տվյալներով, հունիսին 12-ամսյա գնաճը Հայաստանում հասավ 6,5 տոկոսի։ 9 տոկոսի սահմաններում է պարենային ապրանքների թանկացման տեմպը։ Մինչդեռ մեկ տարի առաջվա համեմատ աշխատավարձերի բարձրացումը կազմում է ընդամենը 2,3 տոկոս։
Սա նշանակում է, որ գնաճը գրեթե 3 անգամ առաջ է անցել աշխատավարձերի բարձրացումից։ Էներգակիրների թանկացման նախաշեմին անցած ամիս Հայաստանում աշխատավարձերի փոփոխություն ընդհանրապես տեղի չի ունեցել։ Սպասվում է, որ գնաճի միտումները Հայաստանում կխորանան նաեւ առաջիկայում։ Նշված ցուցանիշները դեռեւս չեն ներառում էներգակիրների գների բարձրացումն ու դրա հետեւանքով տեղի ունեցած գնաճային մյուս դրսեւորումները։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031