Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` ՀՀԿ-ական ավագանիները խոհեմ կգտնվեն, եթե մասնակցեն ավագանու արտահերթ նիստի ստորագրահավաքին

Հուլիս 23,2013 11:38

Պատրաստվո՞ւմ եք Ձեր անձնական կամ ծառայողական մեքենայով միանալ ընդդեմ ուղեվարձի թանկացումների կազմակերպվող «Չենք վճարելու 150 դրամ» ակցիային`Aravot.am-ի հարցին «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ ինքն անձնական մեքենա չունի, եթե ունենար` անպայման կմասնակցեր:

Տիկին Զոհրաբյանն ասաց, որ երեկ ամբողջ օրը իր երիտասարդ գործընկերները` ԲՀԿ-ական պատգամավորները, իրենց անձնական մեքենաներով մասնակցել են ակցիային եւ տեղափոխել են այն քաղաքացիներին, ովքեր պաշտպանելով իրենց իրավունքները` հրաժարվել են վճարել 150 դրամ: ԲՀԿ-ականներն այսօր էլ կմասնակցեն ակցիային:

Հիշեցնենք, որ երեկ մի շարք հայտնի մարդիկ` շոումեններ, պատգամավորներ, քաղաքագետներ եւ այլոք, միացան ակցիային եւ սեփական մեքենաներով տեղափոխում էին քաղաքացիներին:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Երեւանի ավագանու ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցություններն այսօր ավագանու արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք են անցկացնելու: «Ճիշտ կլինի, որ ՀՀԿ-ական ավագանին չբոյկոտի նախաձեռնությունը, չփորձի տապալել քվորումը, իրենք էլ միանան, որպեսզի բաց եւ հրապարակային քննարկեն բոլոր խնդիրները: Ի վերջո, լրջագույն հակասություն կա քաղաքապետարանի եւ կառավարության հայտարարությունների միջեւ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ուղեվարձի թանկացման պատճառների շարքում քաղաքապետարանը չէր նշել գազի գնի թանկացումը, իսկ երեկ, ի պատասխան ՀՅԴ-ի հարցապնդման, կառավարությունն այլ պատասխան է տվել` ասելով, որ ուղեւորափոխադրումների թանկացումն ուղղակիորեն կապված է գազի գնի թանկացման հետ:

«Այսինքն, բազմաթիվ հարցեր կան, որ քաղաքապետարանը պարտավոր է բացատրություն տալ: Նախ` ինչո՞ ւ ավագանիները տեղեկացված չեն եղել ուղեվարձի թանկացումների մասին, ինչո՞ ւ ավագանու նիստ չի հրավիրվել եւ ներկայացվել այդ որոշումը,ինչո՞ւ ավագանու անդամների հետ խորհրդակցություն չի եղել եւ այլն: Բացի այդ, բազմաթիվ լուրջ տնտեսագետներ նաեւ հիմնավորված հաշվարկներ են ներկայացրել, որ գազի գնի բարձրացումը հիմնավորված չէր: Երեւանի քաղաքային իշխանությունը պիտի ավագանու խմբակցություններին հստակ պարզաբանումներ տա տեղի ունեցածի վերաբերյալ: Կարծում եմ, ավագանու ՀՀԿ-ական խմբակցության կողմից խոհեմ կլինի ոչ թե քվորում չապահովելու համար չմասնակցել արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաքին, այլ եթե իրենք թաքցնելու բան չունեն եւ իրապես գտնում են, որ իրենց փաստարկները հիմնավոր են, պիտի խիստ շահագրգիռ լինեն, որ արտահերթ նիստը տեղի ունենա եւ հստակ պատասխաններ տրվեն բոլոր հարցերին»,- գտնում է Նաիրա Զոհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031