Երթուղային տաքսիների եւ ավտոբուսների ուղեվարձի թանկացման դեմ սկսվել է մի շարժում, որը իր բնույթով բոլորովին նոր տիպի է: Այս շարժումը չի՛ նախաձեռնել որեւէ քաղաքական ուժ կամ խմբավորում, այն չի ուղղորդվում որեւէ մեկի կողմից եւ չի կազմակերպվում։ Սա ակտիվ քաղաքացիների, հիմնականում երիտասարդների ինքնաբուխ շարժում է, որն ընդամենը մի թանի օրվա ընթացքում մեծ հաջողություններ է արձանագրում։ Օրինակ, երեկ Երեւանի կենտրոնում անցկացվող ակցիայի ժամանակ ոստիկանները փորձել են երկու մասնակիցների բերման ենթարկել, սակայն հավաքված մի քանի տասնյակ ակտիվիստներ շրջափակել են ոստիկանական մեքենան եւ այնպիսի հզոր «հակահարված» են տվել, որ ոստիկանները ստիպված են եղել ոստիկանական մեքենայի դռները բացել եւ ազատ արձակել երիտասարդներին։
Ու ընդհանրապես, վերջին օրերին ոստիկանների ստանդարտ գործողությունները՝ վախեցնելը, սպառնալը, քաշքշելը, պրովոկացիաները ոչ մի արդյունք չեն տալիս։ Հանգստյան օրերին ոստիկանությունը իրավիճակի նկատմամբ իր վերահսկողությունը վերականգնելու նպատակով նույնիսկ դիմել է հին ու փորձված քայլի ՝ ակտիվիստների վրա է ուղղորդել կրիմինալին։ Սակայն շատ շուտով պարզել է, որ այդ քայլն էլ արդյունք չի տալիս ու կրիմինալը պոչը քաշել– հեռացել է։
Ոստիկանությունը շոկից դուրս եկավ միայն կեսգիշերին եւ մի ոչինչ չասող անհոդաբաշխ հայտարարություն տարածեց այն մասին, թե ինչպես է պետք հասարակական կարգը պահպանել։ Եւ հիմա ակնհայտ է, որ այդ ինքնաբուխ շարժումը թափ է հավաքում։
Թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում, դեռ դժվար է ասել։ Սակայն կարելի է արձանագրել, որ շարժման մասնակիցները մերժում են ցանկացած միջամտություն՝ արդեն կայացած քաղաքական միավորների կողմից։ Օրինակ, երեկ երեկոյան ակցիաների շարքից հետո ակտիվիստները հավաքվեցին Մաշտոցի պուրակում՝ իրենց հետագա անելիքները ծրագրելու համար։ Այդ ժամանակ նրանց մոտեցան «Նախախորհրդարան» նախաձեռնության մի խումբ անդամներ, որոնց ծափահարություններով դիմավորեցին։ Սակայն շուտով, երբ «Նախախորհրդարանի» ներկայացուցիչները փորձեցին կազմակերպչական բնույթի խորհուրդներ տալ ակտիվիստներին, դա դժգոհություններ առաջացրեց։ Մինչ այդ էլ՝ ցերեկը ՀՅԴ-ն իր ակցիան էր կազմակերպել, որին վերը նշված ակտիվիստները չմիացան։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում