Azatutyun.am․ Լոնդոնից ստացված հաղորդագրության համաձայն, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության Եղիսաբեթ երկրորդ թագուհու թոռը` Քեմբիջի դուքս, արքայազն Ուիլյամը այսօր արու զավակ է ունեցել։
Քեմբրիջի դքսուհի Քեյթը տղա է ծնել Լոնդոնի Փադինգթոն թաղամասի Սուրբ Մարիամի հիվանդանոցում։ Բուքինգհեմյան պալատը հաղորդել է, որ «արքայազնը եւ դքսուհին անչափ երջանիկ են»։
Բժիշկների փոխանցմամբ, «դքսուհին եւ նորածինը բարվոք առողջական վիճակում են»։
Արքայազն Ուիլյամի հայրը` Ուելսի դուքս, թագաժառանգ Չարլզը հայտարարել է, որ շատ ուրախ է առաջին թոռան ծննդյան կապակցությամբ։
«Ես հպարտ եմ առաջին անգամ պապ դառնալու առիթով, գիտեմ, որ ցանկացած մարդու կյանքում դա բացառիկ պահ է, անհամբերությամբ սպասում եմ թոռանս տեսնելու պահին»,- ասվում է արքայազն Չարլզի ուղերձում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ասել է, որ «ամբողջ ազգը մեծ ոգեւորությամբ է ընդունել արքայական տանն արու զավակի ծննդյան լուրը եւ ողջունում է երջանիկ ծնողներին»։
Արքայազն Ուիլյամը եւ Քեմբրիջի դքսուհին այս գիշեոր կմնան Էդվարդ արքայի հիվանդանոցում։
Անգլիական եկեղեցու ավագ քահանայապետ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին հայտարարել է, որ կիսում է ուրախությունը երջանիկ ծնողների հետ։
«Թող Աստված այդ ընտանիքին պարգեւի երջանկություն, առողջություն եւ սեր իրենց համատեղ կյանքում»,- հայտարարել է արքեպիսկոպոսը։
Արմեն Քոլոյան