Azatutyun.am. Մոսկվայի մերձակայքում 18 մարդու կյանք խլած ճանապարհատրանսպորտային պատահարի առնչությամբ Ռուսաստան մեկնած Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է պատահարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հետ։
Մոսկվայից «Ազատություն» ռադիոկայանին տված հեռախոսային հարցազրույցում օմբուդսմենը պատմեց, որ «Մատրոսկայա Տիշինա» կալանավայրում հանդիպել է Հրաչյա Հարությունյանի հետ։
«Կարեւորը՝ այս պահին նրա կյանքին եւ առողջությանը ակնհայտորեն վտանգ չէր սպառնում։ Իհարկե, դեռ ունի վնասվածք, որը պետք է ապաքինվի։ Շատ ավելի դրական է, քան մենք բոլորս տեսել էինք այդ տեսաերիզում [դատարանի դահլիճից]։ Անհամեմատելի փոփոխություն կա, բնականաբար, այդ վիճակից, բայց, իհարկե, խնդիրները դեռ կան եւ խնդիրների մասին ավելի մանրամասն ես կխոսեմ Երեւանում», ֊ մանրամասնեց Կարեն Անդրեասյանը։
Անդրիասյանը նաեւ պատմեց, որ Ռուսաստանում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր տեղական պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակում, ինչպես նաեւ հանդիպում է ունեցել Մոսկվայում Հայաստանի դեսպանի հետ։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ դատարանում Հրաչյա Հարությունյանի նվաստացուցիչ տեսքի վերաբերյալ իր մտահոգությունները փոխանցե՞լ է իր ռուսաստանցի պաշտոնակցին, Հայաստանի օմբուդսմենը պատասխանեց․ ֊ «Ես իմ բոլոր մտահոգությունները, նաեւ այս ողբերգության հետ կապված, փոխանցել եմ»։
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքում: