Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում են քաղաքացիներին սեփական երթուղայինի գծերը բացել ու սպասարկել. Ակցիա՝ Մաշտոցի պուրակում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 22,2013 22:55

Քիչ առաջ Մաշտոցի պուրակում 150 դրամ ուղեվարձին դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստները կազմեցին իրենց առաջիկա պայքարի պլանը:

Նրանց վերահսկում էր ոստիկանությունը՝ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ:

Ակտիվիստները ոգեւորված էին իրենց հաջողությամբ՝ «Ժողովուրդ, էսօր կրկնակի շատ ենք, վաղն ավելի ենք շատանալու, սրանք արդեն հանձնվում են: Տարածքը քիչ-քիչ փոքր է դառնում, ավելի լավ է այն, ինչ անում ենք Մաշտոցի պուրակում, տեղափոխենք Ազատության հրապարակ»:

Հնչեցին հետագա ծրագրերի հետ կապված ամենատարբեր առաջարկներն ու գաղափարները՝ սկսած շարժման լոգոյի մշակումից մինչեւ քաղաքացիական հանրաքվեի կազմակերպումը. «Առաջարկում ենք հարցը դնել հանրաքվեի, նախ էս հարցը կլուծվի, ամբողջական կարծիքը կունենանք, երկրորդը՝ PR-ի հարցն էլ  կլուծվի: Բացի այդ, ցույց կտան, թե ոնց կարելի է ազատ, արդար ընտրություններ անցկացնել Հայաստանում»:

Երիտասարդներից մեկն առաջարկեց բացել սեփական երթուղայինի գծերը եւ սպասարկել ժողովրդին՝ այնպես, ինչպես Հայկոն է անում, Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը: Մեքենաների հարցն էլ, ըստ նրանց, կարելի է լուծել  մի փոքր գումար հավաքելով եւ արդեն դուրս գրված մեքենաները նորից գիծ բերելով:

Կոչ արեցին ակցիայի ժամանակ ցանկացած բախման դեպքում զանգահարել ՄԻՊ-ի գրասենյակներ՝ 116:

Ակտիվիստներից մեկի՝ Աննայի խոսքերով՝ «Այն համակարգը, որ հիմա կա, պարզապես կազմակերպված հանցավորություն է՝ գծատերերի համակարգ, հարկ չվճարելու համակարգ, որեւէ տեսակի  ժամանակակից մեթոդ չկիրառելու համակարգ: Խնդիրը որակյալ սպասարկում ունենալն է, արժանապատիվ աշխատանք՝ վարորդների համար»:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հավաքվածներին զգուշացրեց, որ այս օրերին 150 դրամ ուղեվարձի դեմ տարբեր «կեղծ» խմբեր են ձեւավորվել, որոնք իրենց շարժումը ցրելու նպատակ ունեն. «Երիտասարդ համալսարանականների միավորում կա, խնդրում եմ այդ խմբին  չմիանալ, որովհետեւ շատ հնարավոր է այդ խմբից եղան մարդիկ, որոնք ժողովրդին ցրեցին այսօր, մի կողմ տարան»:

PrevPhoto
NextPhoto

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031