Լրահոս
Օրվա լրահոսը

Новые Известия. «Փարաջանովը» «Բրոնզ» է ստացել Օդեսայում

Հուլիս 22,2013 22:19

Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը Օդեսայի կինոփառատոնում արժանացել է «Բրոնզե» մրցանակին: Հայտնում է «Նովիյե իզվեստիա» լրատվականը:

Փառատոնի գլխավոր եւ հանդիսատեսի համակրանք մրցանակներին է արժանացել Ալեքսանդր Վելեդինսկու «Աշխարհագրագետը խմելու է տվել գլոբուսը» ֆիլմը, որը նաեւ «Կինոավատար» փառատոնի հաղթողն էր:

Համեմատելով այս երկու ֆիլմերը՝ լրատվականը գրում է, որ նվազ կատարյալ է «Փարաջանով»-ը, բայց ավելի նշանակալի: Փարաջանովի դերը խաղացել է ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, ով անձամբ էր ծանոթ արվեստագետի հետ եւ հիշում էր նրա ժեստերն ու դեմքի արտահայտությունները:

Լրատվականը գրում է, որ ֆիլմը սովետական երեք հանճարեղ ռեժիսորներից երկրորդի ողբերգական կյանքի մասին է (առաջինը՝ Սերգեյ Էզեյնշտեյն, երրորդը՝ Անդրեյ Տարկովսկի), որը միասեռականության մեղադրանքով ազատազրկման էր դատապարտվել ու որին օգնելու համար միջամտել էին համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորները՝ Ֆրանսուա Տրյուֆոն,  Ժան-Լյուք Գոդարը, Ֆեդերիկո Ֆելինին, Լուկինո Վիսկոնտին, Ռոբերտո Ռոսելինին, ինչպես նաեւ կոմունիստ գրող Լուիս Արագոնը, որն այդ հարցով դիմել էր անմիջապես Բրեժնեւին:

Ֆիլմի ցուցադրությունից մի քանի օր առաջ Օդեսայի գրականության թանգարանում բացվել էր Փարաջանովի ցուցահանդեսը, որը, ինչպես գրում է լրատվականը, հաստատեց, որ Փարաջանովը ոչ միայն ֆիլմերում է տեսային հանճար, այլ նաեւ կոնցեպտուալ արվեստում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031