Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին զինդատախազի արտահայտությունները կռվախնձոր դարձան, բայց լրատվամիջոցներին դատարան չկանչեցին

Հուլիս 22,2013 19:40
Gagik Jhangiryan

Հուլիսի 16-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը հրապարակեց  Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի, Գագիկ Ջհանգիրյանի դեմ` պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու եւ հայցվորների անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջների վերաբերյալ գործով դատական ակտի եզրափակիչ մասը:

Ըստ հրապարակվածի, դատարանը վճռեց Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի հայցը Գագիկ Ջհանգիրյանի դեմ մերժել: Արայիկ Զալյանից, Մուսա Սերոբյանից, Ռազմիկ Սարգսյանից համապարտության կարգով հօգուտ պետական բյուջեի կբռնագանձվի չվճարված պետական տուրքի գումարը` 10 000 ՀՀ դրամի չափով:
«Մատաղիսի գործով» արդարացվածները կբողոքարկեն այս դատական ակտը` վճիռը: Ինչպես տեղեկացրել էինք, նախկին զինդատախազն իր հայտարարությունները արել էր  www.aravot.am եւ www.lragir.am լրատվական միջոցներով:

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 18-ին www.aravot.am եւ www.lragir.am էլեկտրոնային կայքերում հրապարակվել էին․ «Ջհանգիրյանը մեղքի զգացում բացարձակ չունի` «Մատաղիսի գործով». Մեղքը դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են» եւ «Ջհանգիրյանը չի փոխել իր կարծիքը «Մատաղիսի գործով» վերնագրերով Գագիկ Ջհանգիրյանի հետ հարցազրույցները:
Գագիկ Ջհանգիրյանն ասել էր.
Ա.-Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին:
Բ.-Դրանք մարդասպան են (www.aravot.am):
Գ.-Դրանք մարդասպաններ են եւ պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը (www.lragir.am):

Մեր տրամադրության տակ գտնվող վճռի նկարագրական մասում նշվել էր, որ ըստ պատասխանողի` լրատվամիջոցներում Գ.Ջհանգիրյանի արված հայտարարություններում նշված արտահայտությունն իր մեջ հայցվորներին ուղղված վիրավորանք եւ զրպարտություն չի պարունակում, քանի որ ընդհանրապես բացակայում է արտահայտությունը հայցվորներին ուղղված լինելու վերաբերյալ որեւէ խոսք, կատարված արտահայտությունն ուղղված է անձանց անորոշ շրջանակի, եւ կոնկրետ անձանց` հայցվորների անունը, ազգանունը ոչ մի կերպ չի հիշատակվում:

Պատասխանողի կարծիքով՝ արտահայտության տրամաբանությունից հետեւում է, որ հայցվորները չեն քննադատվում պատասխանողի կողմից, ավելին, այդ արտահայտությունը առանց կոնկրետ հասցեատիրոջ, անձանց անորոշ շրջանակի ուղղված գնահատող դատողություն է, հետեւաբար, արված արտահայտությունը չի վիրավորում եւ արատավորում հայցվորների պատիվը եւ արժանապատվությունը. «Վերոգրյալի համատեքստում պարզ է դառնում, որ արտահայտությունն իրենց վերագրելը զուտ հայցվորների ենթադրության արդյունք է, մինչդեռ անձը չի կարող իր սուբյեկտիվ ընկալումների արդյունքում որեւէ տեղեկատվություն վերագրել կամ չվերագրել իրեն»:
Ըստ պատասխանողի, տվյալ դեպքում վերոհիշյալ կարծիքներում բացակայում են հայցվորների անունները, ազգանունները, իսկ «մարդասպաններ» ասելով Գագիկ Ջհանգիրյանը նկատի է ունեցել ոչ թե հայցվորներին, այլ այն անձանց, ովքեր երկու հայ զինվորի մահվան պատճառ են հանդիսացել:
Հետեւաբար, պատասխանողի կարծիքով, խոսք անգամ լինել չէր կարող ինչպես պատվի, արժանապատվության իրավունքի, այնպես էլ անմեղության կանխավարկածի խախտման մասին:

 

Մանրամասները կարդացեք վաղը՝ aravot.am-ի  կայքում:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031