Այսօր Ազատության հրապարակում հացադուլ անողներից մնացել էր միայն մեկը՝ Խաչիկ Ավետիսյանը: Ըստ նրա՝ սոցիալական հարցեր բարձրացրած ազատամարտիկները գնացել են, որպեսզի շրջաններում աշխատեն մնացած ազատամարտիկների հետ:
Ազատության հրապարակում հանդիպեցիք նաեւ նախկին ազատամարտիկ Սահակ Հակոբյանին, որը նշեց, որ թոշակի հետ կապված խնդիրներ է ունեցել, եւ արդեն 8-9 ամիս է՝ թոշակ չի ստանում. «Բռնել էին անանուն նամակ էին ձեւակերպել, թոշակս չէին տալիս: Դատ եղավ, որին մասնակցեցին բոլոր կռված տղերքը: Այժմ ինձ ուղարկել են փորձաքննության, բայց խնդիրն այն է, որ ցմահ թոշակը ի՞նչ իրավունքով են նրանք կասեցրել: Տարան ԿԳԲ, ծեծեցին ու խոշտանգեցին, հետո պարզվեց, որ իրոք կռվել է այս մարդը: Հիմա էլ հոգեբուժարան են ուղարկել: Պետք է գնամ գլուխս ստուգեմ»:
Ս. Հակոբյանն ասաց, որ այս ամիսների ընթացքում պարտքերով է ապրել, տան ապրանքներն է վաճառել. «Ստիպված եմ եղել, ի՞նչ անեմ: Աղջիկս էլ փախավ Բելգիա, որ իմացավ ինձ տարել են դատելու»: Հիմա հոգեբուժարանում է, դեղեր է ընդունում. «Ստացիոնար եմ բուժվում, դեղեր եմ խմում: Էն է, սրտիս դեղը էլի մոռացել եմ խմել եւ վատ եմ զգում ինձ: Եկել եմ, տեսնեմ ինչ են ասում հրամանատարներն ու գնամ: Եթե պայքարում ենք, պիտի մինչեւ վերջ պայքարենք: Եթե չենք պայքարում, ուրեմն ընդհանրապես չենք պայքարում:
Սահակ Հակոբյանը շատ դժգոհ է կառավարությունից եւ պատրաստ է նույնիսկ հրաժարվել իր ազգությունից. «Էս ի՞նչ երկիր է: Ես նույնպես հացադուլի եմ նստելու, բայց ոչ այստեղ: Ես գնալու եմ ու հացադուլ եմ անելու հենց Ամերիկյան դեսպանատան դիմացը: Մինչեւ անգամ պատրաստ եմ հրաժարվել հայ լինելուց: Ես արդեն զզվել եմ: Սա երկիր չէ: Սա դժբախտություն է: Եթե ես նստեցի հացադուլի՝ ինձ դժվար հանեն հացադուլից: Իսկական հացադուլավորի մահը ձեր աչքերով կտեսնեք, որովհետեւ ոչինչ չունեմ կորցնելու»:
Կարդացեք նաև
Անի ՔԵՇԻՇՅԱՆ