Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու ընտրության եւս մի մասնակից է քննադատում քաղաքապետարանին. «Առաքելության» հայտարարությունը

Հուլիս 22,2013 18:05

Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտի ուղեվարձի 50 դրամով թանկացումը քաղաքապետարանի հերթական անտրամաբանական և անարդյունավետ քայլն է:
Երթուղային տաքսիների ծախսերի հաշվարկում մեկ ուղևորի հաշվով ծախսերը կազմում են 70 դրամ, որից վառելիքի ծախսը կազմում է 30 դրամ: Այսինքն` գազի 20 տոկոսով թանկացման պարագայում ուղեվարձը պետք է ավելանա առավելագույնը 6 դրամով:
Առաքելություն կուսակցությունը բազմիցս նշել է, որ երթուղային տաքսիներով ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները ստանում են գերշահույթներ` տարեկան մոտ 6 մլրդ դրամ: Եվ ահա, ուղեվարձի թանկացումն իր հերթին  այդ շահույթը դարձնում է 14 մլրդ դրամ, որով կարելի է ձեռք բերել ավելի քան 1000 հատ նոր ավտոբուս կամ եվրոպական արտադրության միկրոավտոբուս և ամբողջովին ձերբազատվել հնամաշ ու վտանգավոր «ԳԱԶԵԼ»–ներից:
Նշվածը հերթական անգամ փաստում է. Երևան քաղաքում նպատակահարմար է ուղևորափոխադրումների իրականացումը բացառապես քաղաքապետարանի կողմից, ինչը զերծ կպահի ուղեվարձի թանկացումից` ապահովելով անվտանգ և որակյալ սպասարկում, միևնույն ժամանակ՝ ապահովելով շահույթ քաղաքապետարանի համար:
Բացակայում է նաև ուղեվարձի թանկացման վերաբերյալ որևէ իրավական հիմք: Ուղեվարձի թանկացման միակ հրապարակված հիմքը քաղաքապետարանի աշխատակիցների կողմից մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունն է, թեև ուղեվարձը սահմանվում է ուղևորափոխադրում կազմակերպելու մրցույթի որոշմամբ:

Առաքելություն կուսակցությունը`
• Պահանջում է քաղաքապետարանից՝ հրապարակել ուղեվարձի բարձրացման իրավական հիմքերը
• Հասարակական տրանսպորտից օգտվողներին կոչ է անում՝ չվճարել ապօրինի սահմանված ուղեվարձը
• Աջակցություն է հայտնում հասարակական ակտիվիստներին, քաղաքացիներին, ովքեր պայքարում են ապօրինի թանկացման դեմ:

Առաքելություն կուսակցությունն առաջարկում է քաղաքապետարանին, որպես այլընտրանք, մետրոպոլիտենի և տրոլեյբուսի ուղեվարձը նվազեցնել՝ դարձնելով  50 դրամ, իսկ դպրոցականների, ուսանողների, թոշակառուների սպասարկումն՝ իրականացնել անվճար:

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031