Այսօր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու դեմ բողոքի ակցիա էր կազմակերպել: Ուսանողները երթով անցնում էին փողոցներով` քաղաքացիներին կոչ անելով վճարել 100 դրամ եւ ոչ թե 150, ինչպես որ օրերս որոշել էր տրանսպորտի եւ կապի նախարարությունում ստեղծված հանձնաժողովը:
Երիտասարդները, որոնց միացել էր նաեւ ՀՅԴ կուսակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ ակցիան շարունակեցին Երեւանի քաղաքապետարանի առաջ` քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրելով իրենց հետ հանդիպման:
Քաղաքային իշխանությունները ոչ միայն երկար ժամանակ անտեսեցին ուսանողների կոչերը եւ չարձագանքեցին նրանց դժգոհություններին, այլեւ օրը ցերեկով որոշել էին քաղաքապետարանի շրջակայքի ոռոգման համակարգը միացնել` ակցիային խոչընդոտելու համար: Ժամերով ջրվեցին գազոնները, որոնց ջրերը ողողում էին մայթերը, մարդկանց ու հասնում անգամ փողոցի ավտոմեքենաներին: Ակցիան հսկող ոստիկանները նույնպես ոտքից գլուխ ջուր էին դարձել:
Ուսանողները պահանջում էին չեղյալ համարել 150 դրամ ուղեվարձի որոշումն` ասելով, որ սոցիալապես անապահով խավը չի կարող ամեն օր այդ պայմաններով երթեւեկել: Նրանք քաղաքային իշխանություններից պահանջում էին տրանսպորտից, ներառյալ` մետրոյից օգտվելու արտոնություններ տրամադրել ուսանողներին, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին ու աղքատության համակարգում ընդգրկվածներին:
Կարդացեք նաև
«Դուք ոչ մի բանով չեք տարբերվում Հրաչյա Հարությունյանին Ռուսաստանում ստորացրած ռուսներից»,-բարձրաձայն բղավում էին ուսանողները: Նրանք Տարոն Մարգարյանին հիշեցրին նախընտրական խոստումները, թե տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու:
Ուսանողներին էր միացել նաեւ «Ժառանգություն» կուսակցության Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, որը նույնպես կանգառներում քաղաքացիներին կոչ էր անում չվճարել 150 դրամ:
Ուսանողները նաեւ պահանջում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանիներին՝ ասելով` «Ձեզ այլընտրանք կուսակցության տեղ եք դրել, դե եկեք միացեք, թե տրանսպորտի ուղեվարձի բարձրացումն էլ է ձեր համար այլընտրանք»:
Մինչ ուսանողների դժգոհությունները լսելու կիջնեին Տարոն Մարգարյանի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը եւ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, քաղաքապետարանի պաշտոնյաները շենքի պատուհաններից «ծիկ ու վիկ» էին անում: Ոստիկաններն էլ իրենց հերթին էին «վերեւներին» զեկուցում թե` «ՀՅԴ-ի գլխավորներից միայն Արմեն Ռուստամյանն է ներկա»:
Մոտ մեկ ժամ հետո ուսանողներին լսելու իջավ Ալբերտ Գեւորգյանը, որը Արմեն Ռուստամյանն առաջարկեց հանձնաժողով կազմել եւ գալ քաղաքապետարան բանակցելու, սակայն ուսանողները բղավում էին, որ իրենց «ոչ մի հանձնաժողովով չեն խաբի ու մոլորեցնի» եւ իրենք հետ չեն կանգնելու պայքարից ու ամեն օր նմանատիպ ակցիաներ են անելու:
Ուսանողները պարոն Գեւորգյանին հորդորում էին գծատերեր-օլիգարխներից պահանջել` նվազեցնելու «գծի» «օրվա պլանը», որպեսզի վարորդները ստիպված չլինեն 150 դրամ պահանջել:
Հենրիկ Նավասարդյանն էլ, որը նույնպես ուսանողներին լսելու էր իջել, չհասցրեց անգամ որեւէ բառ ասել. Ալբերտ Գեւորգյանը, տեսնելով, որ ուսանողները թուղթ են փակցնում պարոն Նավասարդյանի մեջքին, հարցազրույցն ընդմիջեց ու նրան վերցնելով բարձրացավ քաղաքապետարան:
Ուսանողներն իրենց երթը շարունակեցին մայրաքաղաքի փողոցներում` տրանսպորտից իջնող-բարձրացող քաղաքացիներին հորդորելով 100 դրամ վճարել, վարորդներին էլ կոչ անելով` գծատերերի դեմ գործադուլ անել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ