Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ գծատերերը վնասո՞վ են աշխատել

Հուլիս 22,2013 17:52

«Մենք պետք է հասկանանք, թե որքանո՞վ է հիմնավորված այս թանկացումը: Դա է ավելի կոնստրուկտիվ մոտեցումը խնդրին ու բոլորը պետք է այդ տեսանկյունից մոտենան այդ խնդրին, նաեւ նրանք, ովքեր պաշտպանում են հնարավոր զարգացումների այս կամ այն սցենարը: Հակառակ պարագայում, պետք է դատապարտենք ինքներս մեզ՝ իրականությունի չբխող զարգացումների պաշտպանության համար»,- Aravot.am-ի հարցին՝ հետեւո՞ւմ եք տրանսպորտի թանկացման առիթով տեղի ունեցող զարգացումներին, մտավախություններ չկա՞ն, որ դրանք կարող են վերաճել սոցիալական բունտի, այսպես արձագանքեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Կրկնելով այս օրերին քանիցս հնչած պաշտոնական հիմնավորումները սույն թանկացումների առիթով, մեր զրուցակիցը համարում է, որ թանկացումը տրամաբանական է, ինչպես նաեւ տրամաբանական է մարդկանց վրդովմունքը:

Գագիկ Մինասյանը չհամաձայնեց այն տեսակետին, որ մարդկանց, մեծ հաշվով, քիչ է հուզում քաղաքապետարանի ներկայացրած տնտեսագիտական հաշվարկը, բոլորը հարցին մոտենում են իրենց գրպանի պարունակության տեսանկյունից: Իսկ հակադարձմանը, որ քաղաքապետարանի հաշվարկներին հակահաշվարկներ էլ ներկայացվեցին, որոնք հիմնավորում են, որ տրանսպորտի գնի բարձրացման անհրաժեշտություն չկար, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ես կարծում եմ, որ այդ քննարկումները պետք է շարունակվեն: Չի կարելի միակողմանի ինչ-որ բան ասել: Լավ կլինի, որ քննարկումները ծավալվեն եւ հասարակությանը ներկայացվի մի վերջնական տեսակետ»:

Դիտարկմանը՝ տրանսպորտի, ինչպես նաեւ մնացյալ ապրանքատեսակների թանկացումների տոկոսային հարաբերությունը զգալիորեն գերազանցում է այս ընթացքում աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման տոկոսային հարաբերությանը. ինչո՞ւ իշխանավորները չեն անհանգստանում նաեւ այդ համամասնությունը պահպանելու համար, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց, որ ապրանքի գինը ձեւավորվում է շուկայում եւ այն պետք է բավարարի մի քանի չափանիշների՝ լինի հիմնավորված եւ տնտեսվարողը որոշակի շահույթ պետք է հետապնդի:

Ինչ մնում է աշխատավարձերի ու թոշակների բարձրացման համամասնությանը, պատգամավորը իհարկե, կապ տեսնում է թանկացումների հետ, բայց համարում է, որ դա ուղղակի չէ. «Անկախ նրանից, թե որոշակի ապրանք դուք կարո՞ղ եք գնել, թե՞ ոչ, ինքն ունի իր նվազագույն վաճառքի գինը: Նույն ապրանքը, եթե վաճառվում է ցածր կամ բարձր աշխատավարձեր ունեցող երկրում, այն չի կարող ինքնարժեքից ավելի ցածր վաճառվել, որովհետեւ տրամաբանությունը կկորի: Այլ բան, որ աշխատավարձերը պետք է եւս բարձրացվեն եւ այդ ուղղությամբ արդեն կատարվել են քայլեր՝ նվազագույն աշխատավարձը բարձրացել է եւ եկող տարվա սկզբից նաեւ էական բարձրացում կլինի գործնականում բոլոր աշխատավարձերի մասով»:

Նկատեցինք, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները՝ նախագահի գլխավորությամբ, վաղուց են խոսում աշխատավարձերի կտրուկ աճի մասին ու հետաքրքրվեցինք՝ քննարկումներ եղե՞լ են, կարո՞ղ է մեր զրուցակիցը կոնկրետ թվեր բերել: «Ես ձեզ կոնկրետ թվեր չեմ ասի, սակայն այդ քննարկումները եղել են եւ ես դրանց մասնակցել եմ»,- ասաց պարոն Մինասյանը:
Ի դեպ, մեր զրուցակիցը մի տեսակետ էր լսել, որն անպայման ցանկացավ փոխանցել. «Եթե իսկապես այդքան շահութաբեր է այդ բիզնեսը, ապա ինչո՞ւ նոր սուբյեկտներ չեն ներգրավվում այդ բիզնեսում, այն պարագայում, երբ գոնե հիմա կան տրանսպորտային երթուղիներ, որտեղ տնտեսվարողները դժվարությամբ են համաձայնվում իրականացնել այդ ծառայությունները»: Փարատելով ասվածի առիթով զարմանքը ու հակադարձելով դիտարկմանը՝ այսինքն, գծատերերը պատրա՞ստ են ցանկացածին գրկաբաց ընդունել, Գագիկ Մինասյանն ասաց. «Չգիտեմ, գիրկը որքա՞ն բաց կլինի, բայց եթե կան երթուղիներ, որտեղ չեն շահագործում մեքենաները, կարծում եմ՝ այո: Կան երթուղիներ, որտեղ ներդրումները չեն փոխհատուցվում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031