Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքի տարածքում այսուհետ կգործի մորթման արտադրամաս, որտեղ նախատեսվում է իրականացնել մանր եղջերավոր անասունների մորթ: Մորթից հետո, ոչխարի միսը ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, Սյունիքից կարտահանվի հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն եւ կիրացվի այնտեղ:
Արտադրամասի բացմանը ներկա էր նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որը տեղում ծանոթացավ արտադրամասի պայմաններին եւ իրականացվելիք աշխատանքներին:
Մորթման արտադրամասի՝ «Գյուղարտ» ՓԲ ընկերության տնօրեն Սամվել Ավետիսյանի փոխանցմամբ՝ ներկա դրությամբ նախատեսվում է օրական 100-150 գլուխ ոչխարի մորթ կատարել, իսկ հետագայում պահանջարկի ավելացման դեպքում՝ այն կհասցվի մինչեւ 250-ի: Սկզբնական շրջանում մեկ հերթափոխով կատարվելիք աշխատանքներին ներգրաված կլինի մոտ 35 տեղացի աշխատակից, 3 աշխատակից էլ կլինի Իրանից, այդ թվում նաև մոլան:
«Մորթման արտադրամասը կառուցված է եվրոպական ստանդարտներին համապատասխան, լեհ մասնագետների կողմից գերմանական սարքավորումներ են տեղադրվել, ստերիլ մաքրությունն է ապահովված տեղում: Հոսքագիծ է մինչեւ մսի մաքրման տեղը, որից հետո աշխատանքները տարվելու են ձեռքով, ինչպես մյուս արտադրամասերում է արվում: Հիմնականում կատարվելու է ոչխարի մորթ. ե՛ւ մորթած վիճակում ենք տալու միսը ԻԻՀ-ին, ե՛ւ փաթեթավորված՝ նայած պահանջարկն ինչպիսին է: Պայմանագիրն այս պահին միայն իրանցիների հետ է լինելու եւ այն կնքվելու է պետության հետ: ԻԻՀ կառավարությունից ներկայացուցիչներ պետք է այցելեն, որի ժամանակ նաեւ համապատասխան լիցենզիայի հարցը կկարգավորվի», – ասաց «Գյուղարտ» ՓԲ ընկերության տնօրենը եւ նշեց, որ անասնագլխաքանակի պակաս մարզում չկա:
Կարդացեք նաև
Ոչխարներ կբերվեն ոչ միայն Սյունիքի մարզի տարածաշրջաններից, այլեւ՝ հանրապետության բոլոր մարզերից, ԼՂՀ-ից, հետագայում նաեւ այլ վայրերից: Նախատեսվում է նաեւ ոչխարաբուծության զարգացում տեղում: Ընկերության ֆերմաներից մեկում այս պահին արդեն կա 10 հազար գլուխ ոչխար, երկու տարի առաջ այդ թիվը հանսում էր 2 հազարի:
Մասնագետների կարծիքով՝ մորթման արտադրամասի առկայությունը մարզում կխթանի ոչխարաբուծության զարգացումը: Մինչեւ օրս գյուղացիները խնդիրների էին բախվում միսն իրացնելիս եւ շատ հաճախ այդ դժվարություններից ելնելով՝ նախընտրում էին չավելացնել եղած գլխաքանակը:
Սյունիքի մարզպետարանի գյուղբաժնի պետ Հրայր Հակոբյանը մեր զրույցում նշեց, որ այս ծրագիրը ձեռնտու կլինի ֆերմերային գյուղացիական տնտեսությունների համար, քանի որ մինչ այժմ նրանք չէին կարողանում սպառել մանր եղջերավոր անասունների մթերքը: «Սա մսի մթերման շատ լավ ծրագիր է Սյունիքի մարզի, ինչու չէ նաեւ հարեւան ԼՂՀ Քաշաթաղի տարածաշրջանի համար: Մսի կետերում էին մինչ այդ իրենց մթերքը սպառում, բայց շատ քիչ քանակով ու դժվարությամբ: Մենք մարզում ունենք 101 հազար եւ ավելի մանր եղջերավոր անասուն, որտե՞ղ պետք է սպառեինք այդքանը: Մորթման արտադրամաս կա, բայց մանր անասուններ ոչ մեկը չէր ընդունում: Սա որոշ չափով կթեթեւացնի գյուղացու հոգսը եւ կնպաստի մարզում ոչխարաբուծության զարգացմանը», – ասաց գյուղբաժնի պետը:
Պատասխանատուի խոսքով՝ Սյունիքում ոչխարաբուծությունը հիմնականում զարգացած է Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում, իսկ Կապանի տարածաշրջանում այն նոր է սկսում զարգանալ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ