Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետի ընդունարանի աթոռի արյան հետքը հաստատվել է

Հուլիս 22,2013 17:35

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ այսօր սկսվեց բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Արմեն Խալոյոնի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռեւազյանի (լուսանկարում) բողոքի քննությունը:

Փաստաբանը դատի էր տվել Հատուկ քննչական ծառայությանը, եւ վիճարկում է նրա անգործությունը:
ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցել Արմեն Խալոյանի հաղորդման հիման վրա:
Հինգ տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Խալոյանը հայտնել էր, որ իրեն կտտանքների եւ խոշտանգումների են ենթարկել ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում, իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընդունարանում էլ, ուր գնացել էր անձնական ընդունելության խնդրանքով, նրա օգնականի Մ.Հակոբյանի կողմից աթոռով իրեն մարմնական վնասվածքներ են հասցվել:
Ի դեպ, ճիշտ է կենսաբանական փորձաքննություն չի անցկացվել, արյան պատկանելությունը որոշելու համար, սակայն դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ Ա.Խալոյանը վնասվածք ստացել է: Ձերբակալվածների պահման վայրում ոստիկանների կողմից հասցված մարմնական վնասվածները «չեն նկատել»:
Աթոռից ստացած սուր, ծակող, թափանցիկ վնասվածքը ըստ Ռոբերտ Ռեւազյանի իր պաշտպանյալը չէր կարող ստանալ, քանի որ աթոռի վրա սուր, ցցված ծայր չի հայտնաբերվել:
Այսօր դատարան էր ներկայացել պատասխանողը` Հատուկ քննչական ծառայության քննիչ Ռաֆայել Ամիրխանյանը:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս բողոքը լսելու ժամանակ ՀՔԾ-ն ներկայացնում էր քննիչ Կամո Խաչատրյանը, որն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Քննիչը ասաց, որ առարկայազուրկ է փաստաբանի պահանջը, այն է` պարտավորեցնել ՀՔԾ-ին` քրգործ հարուցել:
ՀՔԾ-ն իր նախաձեռնությամբ քրեական գործ հարուցել է, հենվելով կողմի նախորդ բողոքի պահանջների հետ, սակայն քրեական գործ հարուցելու հիմքերի չի տեսել, եւ մերժման որոշում է կայացրել:
Իսկ առաջին ատյանի դատարանն էլ մերժելու որոշման մեջ գտել էր, որ փաստաբանը արտադատարանական կարգը չի պահպանել, այսինքն , ժամանակին չի բողոքել:
Իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու համար հինգ տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Խալոյանի պատժաչափի հետ կապված բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանում է, իսկ մի բողոք էլ գտնվում է ՀՀ գլխավոր դատախազությունում:
Նախկին մարզիկը, որը ՍՊ ընկերություններից մեկի անվտանգության աշխատակիցն էր, անցյալ տարվա նոյեմբերից պահվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ քրեականնների խցում:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանը բարձրացրեց «Վարդաշեն» ՔԿՀ տեղափոխելու հարցը:Սակայն պաշտպանի բողոքներն ու պահանջները դեռ լուծում չեն ստացել:
Դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը ՀՔԾ քննիչից պահանջեց, որպեսզի նա դատարան ներկայացնի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը Ա.Խալոյանի մասով, նրա բացատրությունը, դեպքի վայրի զննության արձանագրությունը:
Դատական նիստը կշարունակվի վաղը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031