«Երթուղայինների ուղեվարձի թանկացման հիմնավորումները՝ այդ 16 կետերը, ոչ մեկն էլ հիմնավորում չեն, ես ձեզ դա մասնագիտորեն եմ ասում: Ոչ ավտոբուսի , ոչ երթուղայինի ուղեվարձի բարձրացման համար տնտեսագիտորեն ոչ մի հիմնավորում չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում ուղեվարձի թանկացման մասին որոշումն այսպես մեկնաբանեց Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Մեր դիտարկմանը, որ քաղաքապետարանը պնդում է՝ դիզվառելիքը 200-ից 470 դրամ է դարձել, այսինքն` թանկացումներ կան, քսայուղերն են թանկացել, պահեստամասերը, ծախսն ավելացել է՝ Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Ցանկացած վարորդի կանգնեցրեք եւ հարցրեք՝ 200 հազար դրամ իրենք աշխատավարձ ստանո՞ւմ են: Բայց այս հաշվարկում իրենք այդքան են ներկայացրել: Կա՞ այդքան աշխատավարձ: Բնականաբար չկա, 60-70 հազար է: Պահեստամասերի ընթացիկ նորոգում՝ գրել են 106 հազար դրամ, բայց ես շատ մեծ կասկածներ ունեմ, անվադողերի թիվը՝ մեծ կասկածներ ունեմ: Այստեղ բոլորը ուռճացված թվեր են: Այդպես են հաշվարկել, որպեսզի ստանան այդ թիվը: Սա՝ ավտոբուսների դեպքում: Ինչ վերաբերում է երթուղայիններին, նրանք օրական 6.5 երթ չեն անում, ես խոսել եմ՝ 5 են անում կամ ավելի քիչ: Հաշվարկը որ կատարում եք իրենց թվերով, ստացվում է՝ մի երթի ժամանակ տեղափոխում են 30 մարդ ընդամենը: Հլը մի հատ մտածեք՝ Դավիթաշենից մինչեւ 4-րդ զանգված 30 մա՞րդ է նստում: Իրենք հաշվել են 30: Վճարովի ուղեւորների թիվը ամսական՝ 5850 են գրել ու բաժանել այդ թվի, եթե բաժանեին ասենք 9000-ի, այդ դեպքում մեկ միավորի գինը կստացվի ոչ թե 138 դրամ, այլ կստացվի 118 դրամ կամ ավելի քիչ: Սա պարզապես խուլիգանություն է: Քանի որ խուժանն է եկել քաղաքային իշխանության, պետք է նկատի ունենալ նաեւ սա: Սա մեզ համար աչքակապություն եւ խուլիգանություն է»:
Նա առաջարկեց պարզ հաշվարկ անել՝ նստել երթուղային եւ հաշվել, թե մի կետից վերջնակետ տեղափոխելիս քանի մարդ են տեղափոխում. «Այստեղ են գծերի սեփականատերերի ստվերային գումարները, որոնք գիտե՞ք ինչքան են կազմում՝ ամսական 12-15 հազար դոլար: Դա մի գիծն է: Այս թանկացումից գծատերերի եկամուտները 20-30 տոկոս ավելանալու են»:
Մեր դիտարկմանը, որ ասում են՝ սպասարկման որակն է բարձրանալու՝ Վահագն Խաչատրյանը հակադարձեց. «Ոչ մի սպասարկման որակի խնդիր այստեղ չկա: Իրենց բոլոր ռիսկերը մտցրել են ուղեվարձի հաշվարկում, նույնիսկ վարկի տոկոսն են մտցրել, երբ որ պետք է վարկի տոկոսը իրենց շահույթից վերցվեր: Դա տնտեսագիտության տարրական կանոն է: Այստեղ որեւէ տնտեսագիտական հիմնավորում մի սպասեք: Սա այն է, ինչ մենք ասում ենք՝ իշխանությունը սպասարկում է մի խումբ մարդկանց, որոնք գծատերերն են, բիզնեսի տերերն են: Եթե լավ գործ չի, այդպես ներկայացնում են ծանր, թող հեռացնեն բոլորին, մի հատ տեսնեն, ուրիշ բիզնեսմեն կգա՞, թե՞ չի գա: Աշխարհում սա լավագույն բիզնեսն է»:
Կարդացեք նաև
Վահագն Խաչատրյանի համոզմամբ՝ եթե մի երկրում տրանսպորտի ուղեվարձը 50 տոկոսով թանկանում է, ուրեմն այդ երկիրը երկիր չի. «Եթե իսկապես նման խնդիր կար թանկացնելու, ուրեմն դոտացիոն մեխանիզմներ կար: 50 դրամ ինչի՞ եք թանկացնում քաղաքացու համար, հոսանքը թանկացել է, գազը թանկացել է, ամբողջ ներմուծվող ապրանքները թանկացել են, աշխատավարձ չեն բարձրացնում: Մի կողմից ասում են՝ սոցիալապես անապահովների հարցն եմ լուծում, բայց հիմա ավելի վատացնում է: Սա պարզապես այն վիճակն է, որ մեզ արհամարհում են: Մենք իրենց համար գոյություն չունենք, իրենց համար կա այն խուժանը, որն իրենց քաղաքային իշխանության է բերել եւ այն մարդիկ, ովքեր օգտվում են: 10 ավտոբուս աշխատացնելու դեպքում մի գծից 12-15 հազար դոլար են առնում, նման բիզնես չկա՝ 40 տոկոս շահութաբերությամբ»:
Վահագն Խաչատրյանը կոչ արեց տնտեսվարողների «հեքիաթներին» չհավատալ, թե իբր վարկերի տակ են, ծանր վիճակում են. «Թող հայտարարեն բաց մրցույթ, գինը կլինի 100 դրամ: 100 դրամով միանշանակ հնարավոր է սպասարկել, եթե իրենց ստվերից հանես եւ ամսական աշխատեն ոչ թե 15 հազար դոլար, այլ՝ 3-4 հազար դոլար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Жадность губит фраера.