Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Գծատերերի բանկային ռիսկերը գցում են ժողովրդի վրա» (Տեսանյութ)

Հուլիս 22,2013 15:54

Քաղաքապետի որոշումը քաղաքային տրանսպորտի սակագնի վերաբերյալ բացարձակ անհիմն է եւ տրամաբանության շրջանակներից դուրս: Այսօր «Մեդիա կենտրոնում» նման կարծիք հայտնեց «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը: Նրա ներկայացմամբ` դաշինքը պատրաստվում է դիմել դատարան, եւ փորձելու է քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել եւ չեղյալ համարել ուղեվարձի 50%թանկացումը: Պարոն Սաֆարյանը հուսով է, որ որոշման նախագիծը «Բարգավաճ Հայաստանի» խմբակցության հետ կմտնի ավագանու արտահերթ նիստ` մինչեւ սեպտեմբեր ամիսը:

Ինչպիսի՞ն են շանսերը հաջողության հասնելու Aravot.am-ի հարցին, պարոն Սաֆարյանն ասաց, որ «Բարեւ Երեւանի»` ավագանու կազմում որպես փոքրամասնություն, շանսերը փոքր են, բայց հասարակական ճնշման արդյունքում շանսերը մեծ են. «Մենք քաղաքապետի պահվածքը խորությամբ չենք քննարկել, ով մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ թանկացում չի լինելու, իսկ հիմա խուսափում է պատասխանել, թաքնվում է: Ակնհայտ է, որ Երեւան քաղաքն ունի այլ ղեկավար, նա չի ղեկավարում Երեւան քաղաքը. կամ իր կուսակցական վերադասն է իրեն էդպես ասել, կամ մասնավոր կազմակերպությունները, այլապես ես չեմ կարող հասկանալ` ինչո՞ւ է բանական մարդը ստում»:

Մեր հարցին արձագանքեց նաեւ ասուլիսի մասնակից՝ «Բարեւ Երևանի» ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը եւ ավելացրեց.«Գուցե ինքը, որպես գծատեր, այդ պահին չէր ուզում թանկացնել»:

Մանրամասն` տեսանյութում

Aravot.am-ի մյուս հարցին էլ, թե արդյոք ուսումնասիրե՞լ են քաղաքապետարանի ներկայացրած այն տվյալները, որ թանկացումը մեծամասամբ կապված է ավտոպահեստամասերի, մեքենաների թանկացման հետ, եւ գծատերերի վարկերի, եւ արդյոք այս թանկացումները համարժեք են 150 դրամին, ասուլիսի մասնակից «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Գագիկ Բաղդասարյանն ասաց, որ իրենց հաշվարկները ցույց են տվել` մատուցված ներկայիս ծառայության ինքնարժեքը 70-90 դրամ պետք է լինի` ներկայիս բոլոր տեսակի գների պայմաններում:

«Հասարակական պաշտպանների միության» ներկայացուցիչ, տնտեսագետ Արամ Գրիգորյանն էլ մեր հարցին այսպես պատասխանեց` «Նույնիսկ 100 դրամն է շատ, որովհետեւ քաղաքապետարանը շուկայական գներ է վերցրել: Ամբողջ մանիպուլյացիան մի բանի վրա է,ասում են` Գազելը մի ծայրից մյուս ծայրը 14 մարդ է տեղափոխում, բայց էդ Գազելը ավելի շատ է ուղեւոր վերցնում: Մեքենաների թանկացումները կապ չունեն սակագների հետ: Մրցույթին մասնակցող կազմակերպությունները գնում են մրցույթի են մասնակցում, ասում են` բան չունեմ, զրո եմ, բայց տվեք մրցույթը ես շահեմ, հետո ժողովրդի հաշվին մեքենաներ կառնեմ, 5 տարի հետո մեքենան ինձ կմնա»:

Մանրամասն՝ տեսանյութում

Մեր հարցին ի պատասխան՝ պարոն Սաֆարյանն էլ ավելացրեց. «Հիմնավորումներից մեկն էլ զավեշտալի է, ասում են` մարդիկ ներդրումներ են կատարել եւ վարկեր ունեն, ուզում են ասել` բանկային ռիսկերը պետք է ընկնեն ուղեւորի վրա, սա անթույլատրելի է: Կամ էլ` բարեգործությամբ տրված ավտոբուսների ամորտիզացիան էլ քաղաքացիների վրա են հաշվել եւ դա մտցնել ուղեվարձի մեջ, ո՞վ է թույլ տվել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. գոհար says:

    Ինչ է նշանակում քաղաքապետի որոշում,Տարոնը /քանի/ գլուխ ունի ինքնուրույն որոշումներ կայացնի?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031