Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ-ն դատապարտում է տրանսպորտի թանկացման որոշումը

Հուլիս 22,2013 14:58

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը խստորեն դատապարտում է Երևանի քաղաքապետարանի` տրանսպորտի թանկացման որոշումը:

Այսօր, երբ թանկացավ էլեկտրաէներգիան, գազը, կենսապահովման առաջին անհրաժեշտության ապրանքները, սա լուրջ հարված է մեր առանց այն էլ սոցիալական ծանր բեռի տակ կքած ազգաբնակչության գրպանին:

Մենք համոզված ենք, որ նախքան նմանատիպ որոշում կայացնելը, պետությունը պարտավոր էր էապես և համարժեք բարձրացնել աշխատավարձերը և կենսաթոշակները, իսկ քաղաքապետարանը պարտավոր էր զուգահեռաբար ապահովել տրանսպորտային փոխադրումների բարձր որակ` սկսած փոխադրամիջոցների պարկի լայնամասշտաբ թարմացումից, փոխադրումների հաճախականությունից, վարորդների մարդկային աշխատանքային պայմաններից, ավարտված տրանսպորտային միջոցի մաքրությունից և տեխնիկական անվտանգության ապահովումից: Մինչդեռ մեր համաքաղաքացիները շարունակում են երթևեկել անորակ տրանսպորտով և նվաստացուցիչ պայմաններում:

Փոխարենը տեսնում ենք իշխանության միտումնավոր հանցավոր անտարբերությունը և անփութությունը երկրի ներսում կատարվող պրոցեսների, սեփական ժողովրդի և երկրի ճակատագրի հանդեպ:

Մենք գտնում ենք, որ քաղաքապետարանի որոշումը անհիմն է, կամայական և ուռճացված և ապահովում է գերշահույթի հերթական բաժինը իշխանական հովանավորչությունից օգտվող գծատերերի համար, ովքեր հայտարարում են, թե բարեգործներ են եղել և հանուն ժողովրդի այսքան տարիներ աշխատել են վնասով:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ողջունում և իր աջակցությունն է հայտնում այն երիտասարդությանը, ովքեր ակտիվորեն պայքարում են իրենց իրավունքների համար և իրենց դրսևորում որպես իսկական քաղաքացիներ, ովքեր տեր են իրենց երկրին:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կոչ է անում մեր համաքաղաքացիներին համախմբվել, չհնազանդվել ապօրինի, չհիմնավորված որոշմանը, սատարել երիտասարդ ակտիվիստներին, շարունակել վճարել 100 դրամ և այդպիսով ստիպել քաղաքապետարանին չեղյալ հայտարարելու կայացրած որոշումը:

 Հայաստանի դեմոկրատական կուսակցության

Հանրապետական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031