«Սա միջնադար է, ամեն մեկը մի հատ գծի վրա նստած: Մենք դատապարտված ենք, որ երկար ժամանակ այս ջարդուփշուր եղած մեքենաներով մեզ տեղափոխեն»,- այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը թանկացումները պայմանավորվող մի հանգամանք առանձնացրեց. «ՀՀ-ում, եթե մեկը իրավունք է ստանում գործունեություն ծավալել, նա, անպայման, պիտի հետապնդի գերշահույթ: Այս տենդենցն էլ դրսևորում է այսօրվա թանկացումները: Ու այս տրամաբանությամբ թանկացումները շարունակվելու են»: ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեղադրեց ստախոսության մեջ՝ հատկապես գազի և էներգետիկ թանկացումների մասին խոսելով: Այնուհետև խոսելով կոնկրետ տրանսպորտի թանկացման մասին, պարոն Ասատրյանն ասաց. «Անհեթեթություն է, որ հիսուն տոկոսով գին է բարձրանում: Քաղաքական պրոցեսը ավարտվել է, ով պիտի ընտրվեր, ընտրվել է, ու ժողովրդի հետ այս լեզվով են խոսում: Այս երևույթը պայմանավորված է իշխանությունների գործողություններով: Այս իշխանության քաղաքական հենարանն այս երթուղային գծերն են: Այնինչ տրանսպորտի գինը պետք է նույնիսկ իջներ մինչև 70-80 դրամ»: Պարոն Ասատրյանը նշեց, որ ինքն այսօր տեսել է, թե ինչպես է երթուղայինը շուրջ 25 հոգի տեղափոխում, բայց ոստիկանը աչք է փակում այդ խախտման վրա: Նա կանգնել ու ոստիկանի ուշադրությունն է հրավիրել այդ փաստի վրա:Այս առիթով պարոն Ասատրյանը նշեց. « Այս երկիրը ոչ թե գծի տիրոջ երկիրն է, այլ այս երկիրը Ձեր երկիրն է: Պառլամենտում նստած պատգամավորներից քանիսն ունեն գծեր»: Ըստ պարոն Ասատրյանի՝ իշխանությունների արած հաշվարկները հեգնանք ու ծիծաղ են առաջացնում: Նա մանրամասնեց. «Սա խայտառակություն է, այստեղ տնտեսագիտական տրամաբանությունը բացակայում է: Մեզ մի հատ թղթի կտոր են գցել: Երևի, նստել են մի սեղանի շուրջ, մի բաժակ էլ խմել են ու հաշվարկ արել՝ ասելով թքած ժողովրդի վրա»:
Անդրադառնալով հասարակական դժգոհությանն ու հասարակական շարժումներին Վ. Բոստանջյանը նկատեց. «Շարժումը պիտի կտրելու ատամ ունենա: ՀՀ-ում դեռ չեմ հիշում հասարակական այնպիսի շարժում, որ իր հետևից բերի փոփոխությունների»: Բ. Ասատրյանն այլ կարծիք ունի. « Ճիշտ հակառակն եմ կարծում: Մեր պատմությունն ամբողջովին կերտվել է այս շարժումների արդյունքում: Կամ մենք թույլ չենք տալու, որ մեզ հետ այսպես վարվեն, կամ էլ դրանից հետո էլ մեր գլխին կստանանք: Այսօր փողոցում կռիվ տվող երիտասարդներն են մեր ապագան: Այս պառլամենտականները, որոնցից սիրտս ճաքում է, սրանք ոչ մեր ներկան են, ոչ էլ՝ ապագան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ