Հուլիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական սաներին` ուղեկցությամբ Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանի և Կանադայի Տորոնտո քաղաքի Ս. Երրորդություն Եկեղեցու «Ս. Սահակ-Մեսրոպ» դպրոցի աշակերտներին` առաջնորդությամբ Տորոնտոյի Ս. Վարդան եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գեղարդ ավագ քահանա Կարապետյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, ողջունելով Երիտասարդ հայորդիների այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կարևորեց այդպիսի ուխտագնացությունների դերը նրանց կյանքում` նշելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում ավելի խորությամբ ճանաչելու իրենց Հայրենիքը, պատմությունն ու մշակույթը, նպաստում Սփյուռքում հայկական ոգու պահպանմանն ու զորացմանը, Եկեղեցու և Հայրենիքի հանդեպ սիրո ամրապնդմանը:
Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց երկու դպրոցների վարչության անդամներին, հոգաբարձուներին ու մանկավարժներին, ովքեր հայ երիտասարդներին կրթում ու դաստիարակում են ազգային արժեքներով և հայրերի սուրբ հավատքով:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու պատմությանը, միջեկեղեցական հարաբերություններին, հասարակական կյանքում Եկեղեցու դերին:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ