Լրահոս
Օրվա լրահոսը

Հակափաստարկների ճգնաժամ

Հուլիս 22,2013 12:20

Հայաստանում ընդդեմ ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հանդես եկողների մինչ այժմ հնչեցրած հարցադրումներին վերջերս ավելացել է եւս մեկը, այն է՝ ինչո՞ւ չի հրապարակվում Ասոցացման համաձայնագրի տեքստը:

Հարցադրումը ներկայացնողների անհանգստությունն այն է, թե Ասոցացման համաձայնագրով կարող են սահմանափակվել Հայաստանի հետագա ինտեգրացիոն հնարավորությունները այլ երկրների հետ: Կարելի է ենթադրել, որ այս խնդրով մտահոգվողները նկատի ունեն Մաքսային միության, ապա հետագայում նաեւ՝ Եվրասիական միության հետ Հայաստանի հարաբերվելու սահմանափակումները:

Նախ` պետք է ամրագրել, որ հայաստանյան քաղաքական դաշտում գրեթե չի հնչել տրամաբանական հիմնավորում, թե ինչու պետք է Հայաստանը հրաժարվի ԵՄ Ասոցացման համաձայնագրից: Եթե միակ ջախջախիչ «հիմնավորումն» այն է, որ եթե Հայաստանը նախաստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը Ռուսաստանը կնեղանա, իսկ եթե Ռուսաստանը նեղանա՝ Հայաստանը կվերանա երկրագնդի երեսից, ապա այս դեպքում գործ չունենք հակափաստարկների հետ: Այս «հիմնավորումները» որոշ հայազգի միխայիլլեոնտեւների ուղեղում կարծրացած համոզմունք է, որի դեմ պայքարելը ոչ միայն անօգուտ է, այլեւ անիմաստ։ Նրանք ցանկացած պարագայում միայն դա են անվերջ ընդունակ կրկնել, անկախ նրանից՝ Հայաստանը եվրոինտեգրման ուղղությամբ քայլ կկատարի, թե ոչ:

Ինչ վերաբերվում է համաձայնագրի տեքստի գաղտնի լինելուն, ապա նախ տարօրինակ է պահանջը, թե ինչու է նրա բովանդակությունն առայժմ անհայտ, քանի որ այլ համաձայնագրերի դեպքում (oրինակ, ՌԴ-ի ստորագրված փաստաթղթերի)՝ մինչեւ ընդունումը կամ ստորագրումը նման պահանջ չի հնչել նույն քաղաքական գործիչների ու փորձագետների կողմից:

ԵՄ Ասոցացման համաձայնագրի փիլիսոփայությունն անցել են բազմաթիվ եվրոպական երկրներ, եւ բազմաթիվ պետությունների հասարակություններ չեն տուժել եվրոպական օրենսդրության կիրառումից, ընդհակառակը՝ շահել են: Այսինքն` խոսքը համամարդկային արժեքների ճանապարհին քայլ կատարելու մասին է, ոչ թե Հայաստանը դեպի անկանխատեսելիություն ու անհայտություն տանելու վտանգի:

Ասոցացման համաձայնագիրը ռազմավարական է այն առումով, որ Արեւելյան գործընկերության երկրները կստանան նույն կարգավիճակը, ինչն այսօր եւ երկար տարիներ ունի օրինակ Նորվեգիան, որը ԵՄ անդամ չէ, սակայն ԵՄ միասնական շուկային մաս է կազմում: Հայաստանը եւս ԵՄ միասնական շուկային մաս կկազմի, իսկ դա նշանակում է, որ առաջիկա տարիներին՝ անցումային փուլից հետո, Հայաստանը մաս կկազմի ԵՄ միասնական շուկային, իսկ դա շուկա է, որը, չնայած ԵՄ-ում առկա խնդիրներին՝ կապված ճգնաժամի հետ, աշխարհի ամենահարուստ շուկան է, իսկ այդ շուկային մաս կազմելը ձեռքբերում է եւ մեծ հնարավորություն Հայաստանի տնտեսության համար: Հայտնի է, որ նախկին սոցիալիստական երկրները՝ դառնալով ԵՄ միասնական շուկայի անդամ, մի քանի տարիների ընթացքում կրկնապատկել, եռապատկել են ազգային արտադրանքի ծավալները: Եւ սա ոչ միայն միասնական շուկային մաս կազմելու հնարավորություն է, այլ նաեւ ենթադրում է՝ տնտեսության արդիականացում: Այսինքն, Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան պետք է արդիականացնեն, ազատականացնեն իրենց տնտեսությունները, համապատասխանեցնեն ԵՄ չափանիշներին եւ ԵՄ օրենսդրությանը:

Իրականում մենք այլ խնդիր ունենք: Մեր հասարակությունը վստահաբար պատրաստի կլինի իրականացնել այդ համաձայնագրով առաջարկած կետերը, սակայն արդյոք նույնքան պատրաստակամ կլինե՞ն գործող իշխանությունները, որոնք պետք է ստանձնեն բոլոր ոլորտներն արդիականացնելու պարտավորությունները եւ իրականացնեն կոնկրետ քայլեր․․․ Սա է ամենակարեւոր հարցը, որն առայժմ անպատասխան է մնում:

Եթե ԵՄ Ասոցացման համաձայնագրի տեքստի հրապարակայնացումից դժգոհողների մտավախությունն այն է, որ Հայաստանը այն ընդունելու դեպքում անվտանգության այլ համակարգում է հայտնվելու, ապա այստեղ հարկ է նկատել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ անդամ է, եւ Հայաստանի իշխանություններն այս հարցում հազիվ թե մոտ ապագայում շրջադարձային փոփոխությունների գնան: Բացի այդ, ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը՝ ռազմաքաղաքական դաշինքին համարժեք պարտավորություններ վստահաբար չի ենթադրում:

Մենք այսօր այլ խնդիր ունենք, եւ այդ խնդիրը առավել քան ակնհայտ է թե՛ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը պաշտպանողների, թե՛ քննադատողների համար: Դա Ռուսաստանի իշխանությունների կեցվածքն է, ԵՄ-ի հետ ինտեգրման ճանապարհին Հայաստանի ինքնուրույնության փորձին բավական կոշտ հակազդեցությունն է՝ ամենատարբեր հարցերում, ամենատարբեր առիթներով, որոնց պետք է դիմակայել՝ առանց հակառուսական տրամադրությունների սրելու:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եմ-ը մի քանի տասնյակ մարդկանց կողմից ստեղծած և հսկվող կիրթ, և գրագետ մաֆիա է, և այն
    երբեք չի ընդունի թաղի խուժանի մակարդակով մի երկրի, որտեղ ողջ վերադաս կոչվողները իրենց
    հետ համեմատած էժան թալանչիներ են, չհաշված՝ մարդասպանությունները:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031